Daily Sabah. Նուրսիստները կաշառել են Ադրբեջանի պաշտոնյաներին` այդ երկրում իրենց շարժման առաջխաղացման համար
Նուրսիստների շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված անձինք կաշառել են Ադրբեջանի կառավարության պաշտոնյաներին իրենց շարժման առաջխաղացման համար: Այս մասին, ըստ թուրքական «Daily Sabah» պարբերականի, ասվում է համացանցում հայտնված` Գյուլենին հասցեագրված նամակներից մեկում:
Ըստ «Daily Sabah»-ի՝ նամակը բացահայտում է շարժման ֆինանսական հզորությունը և մեքենայությունները Ադրբեջանում: Նամակում ներկայացված է նաև 2013թ.-ին գյուլենիստների երկրում իրականացված գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
«Հաշվետվությունը ցույց է տալիս, որ շարժումը Ադրբեջանում վերահսկում է 2մլն դոլարին համարժեք ակտիվներ: 732 հազար դոլարին համարժեք նվերներ են տրվել Ադրբեջանի ազդեցիկ անձանց, իսկ «պետական համակարգում ընկերների» վրա նուրսիստները ծախսել են մոտավորոպես $3մլն»,- գրում է պարբերականը:
Նշենք, որ «Յենի Մուսավաթ» թերթը, հղում կատարելով սոցիալական ցանցի աղբյուրներին, տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանը տրամադրել են Իլհամ Ալիևի աշխատակազմում և Ադրբեջանի կառավարությունում աշխատող այն բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը, ովքեր նուրսիզմ աղանդի անդամ են, կամ որևէ կապ ունեն դրա հետ:
Ֆեթուլլահ Գյուլենի աղանդավորական խմբավորման կողմից հավաքագրված պաշտոնյաների ցուցակում հայտնվել են Նախագահի աշխատակազմի վարչության պետ Էլնուր Ասլանովը, «SOCAR»-ի փոխնախագահ Խալիգ Մամեդովը, Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի ղեկավար Էլշադ Իսկանդերովը, փոխնախագահ Գյունդուզ Իսմայլովը, Երիտասարդության և Սպորտի փոխնախագահ Ինթիգամ Բաբաևը, պատգամավոր Ջեյհուն Օսմանլին, նախագահին կից Ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, Երիտասարդության ֆոնդի ղեկավար Ֆարհադ Հաջիևը:
Հիշեցնենք, որ նուրսիստների աղանդավորական ուղղության ղեկավարն է թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Լինելով մեդիամագնատ՝ նա նաև աշխարհի տարբեր մասերում գտնվող մեծ արդյունաբերական և ֆինանսական ընկերությունների սեփականատեր է: Գյուլենին է պատկանում դպրոցների և ուսումնական հաստատությունների մի մեծ ցանց: 1998թ.-ին Գյուլենը մեղադրվել է Թուրքիայում գործող աշխարհիկ ռեժիմը տապալելու փորձի մեջ: Հենց այդ ժամանակ պատժիչ խուսափելու համար արտագաղթել է ԱՄՆ: Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գլուխ գալու հետ մեկտեղ բոլոր մեղադրանքները հանվել են նրա վրայից: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և Արդարություն և զարգացում կուսակցությանը մեղադրում են Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Ըստ տարբեր աղբյուրների՝ մոտ հինգ միլիոն մարդ Թուրքիայում և արտերկրում (հատկապես Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում) ներգրավված են Գյուլենի շարժման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան