«Поехали!». 1961 թ., ապրիլի 12` Յուրի Գագարինը թռավ տիեզերք (տեսանյութ, լուսանկարներ)
1961 թվականի ապրիլի 12-ին 27-ամյա Յուրի Գագարինն աշխարհում առաջինը «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով թռավ և 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդին մոտ տիեզերական տարածությունում:
Այդ թռիչքը կայացավ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 09:07-ին Բայկոնուրից: Հրթիռի արձակման հրամանը ստանալուն պես նա արտաբերեց հետագայում արդեն հայտնի դարձած արտահայտությունը. «Поехали!»:
Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։ 1966-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։
ՄԱԿ-ի 2011 թվականի ապրիլի 7-ին նիստում, հատուկ բանաձևով որոշում կայացվեց, որ այսուհետ ապրիլի 12-ը նշվել է, որպես տիեզերագնացության միջազգային օր: Բանաձևի մշակման ու ընդունման աշխատանքներում գործուն մասնակցություն են ունեցել ՄԱԿ-ի անդամ 60 պետություններ:
Թեև առաջին տիեզերագնացի անունը տոնի անվանման մեջ չի հիշատակվում, բանաձևն այսպիսին է . «Յուրի Գագարինը` Սովետական Միության քաղաքացին` ծնված Ռուսաստանում, իր թռիչքով բացել է ճանապարհը տիեզերքի հետազոտման համար, ի շահ ողջ մարդկության»: