Արմեն Աշոտյան. Կլինեմ այնտեղ, որտեղ որոշի իմ կուսակցությունը (տեսանյութ)
««Հանրապետական»-ը եղել է և պատրաստ է քաղաքական բեռն ամբողջությամբ իր վրա վերցնել, բայց դեմ չի լինի, եթե իր կողքին լինեն իր ծրագրերը համադրելիության սկզբունքով կիսող ուժեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Պատասխանելով հարցին, թե այդո՞ք իրեն տեսնում է նաև նոր կառավարության կազմում, նա նշեց, որ ինքը շարունակում է մնալ քաղաքականության մեջն. «Քաղաքականության մեջ աշխատանքի տարբեր ճակատներ կան և որպես կարգապահ կուսակցական, կլինեմ այնտեղ, որտեղ որոշի իմ կուսակցությունը»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր և խորհրդի նիստերում որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: Այսօր ավարտվում էր Սահմանադրությամբ պարտադրվող 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է հայտարարվեր նոր վարչապետի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանը կլինի Հայաստանի 13-րդ վարչապետը: