Ազգային ժողովի նոր նախագահի հարց դեռ չի քննարկվել. Է. Շարմազանով (Տեսանյութ)
ՀՀԿ գործադիր և խորհրդի նիստում այսօր չի քննարկվել Ազգային ժողովի նոր նախագահի հարցը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ազգային ժողովի նոր նախագահի անունը այսօր չի քննարկվել: Ունենք ժամանակ, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստը՝ ապրիլի 28-ը կհավաքվենք, կքննարկենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին մի քանի ժամ տևած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր և խորհրդի նիստերում որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: Այսօր ավարտվում էր Սահմանադրությամբ պարտադրվող 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է հայտարարվեր նոր վարչապետի թեկնածությունը: