Քաղաքական կոնսուլտացիաները կշարունակվեն. ՀՀԿ խոսնակ (Տեսանյութ)
Հայաստանի նախագահը այս օրերի ընթացքում իրականացրել է քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և ես նախորդ նիստի ժամանակ էլ ասացի, որ սպասվում է ևս մեկ հանդիպում ՀՅԴ և ԲՀԿ ղեկավարների հետ: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հնարավոր կոալիցիա կազմավորելու մասին հարցին:
«Պետք է նշեմ, որ կոնսուլտացիաները շարունակվում են, մեր կարծիքը հետևյալն է՝ մենք, որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ ենք կառավարության մեջ ընդգրկել մեր գործընկերներին, բայց դա կարող է լինել մասնակի պատասխանատվությունից մինչև ամբողջական պատասխանատվություն: Դրա որոշողը թե ԲՀԿ-ն է, թե ՀՅԴ-ն: Օրենքով սահմանված կարգով մենք դեռ ունենք բավարար ժամանակ, որպեսզի կառավարությունն ամբողջապես կազմավորվի», -հայտարարեց Շարմազանովը:
Նշենք, որ ապրիլի 13-ին մի քանի ժամ տևած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր և խորհրդի նիստերում որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: Այսօր ավարտվում էր Սահմանադրությամբ պարտադրվող 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է հայտարարվեր նոր վարչապետի թեկնածությունը: