ԿԽՄԿ-ն բացառում է Խոջոյանին ուղղորդելու հնարավորությունը
Հայ-ադրբեջանական սահմանը մոլորության հետևանքով հատած, սակայն վերջերս հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը օրերս նշել էր, թե «Կարմիր խաչից, երբ եկան ինձ զգուշացրին, որ հանկարծ չասեմ, թե ուզում եմ Հայաստան գնամ, լավ չի լինի: Բայց երբ արդեն Կարմիր խաչից Բաքու տարան, հետո ինչ-որ մի հատ առանձին ռայոն, էնտեղ էլ ինձ հարցրին, թե սրտիդ ուզած տեղն ասա, քեզ արդեն կտանենք, ես էլ ասեցի, որ մենակ Հայաստան եմ ուզում, մեր տունն եմ ուզում ու վերջ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերիներ, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը գլխավորում է պաշտպանության նախարարը, Panorama.am-ը նրա խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովում տեղյակ են Արսեն Խոջոյանի այս հայտարարությունից և ինչպե՞ս կմեկնաբանեն Խոջոյանի խոսքերը:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ «եթե նման բան իսկապես եղել է, ապա այն մտահոգիչ է ու վերոնշյալ հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք է զգում»:
Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ու տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար Panorama.am-ը զրուցեց Կարմի Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ, ով նշեց, որ տեղի ունեցածը «ավելի շատ ընկալման խնդիր է»:
«Նման բան չէր կարող լինել, քանի որ մեր կազմակերպության իրավասությունների շրջանակներում չէ գերիների նման բան ասել: ԿԽՄԿ մանդատը հնարավորություն չի տալիս ազդեցություն ունենալ որևէ մեկի որոշման վրա: ԿԽՄԿ-ն ցանկացած հարցում պահում է անկողմնակալ միջնորդի իր դերակատարությունը»,- ասաց վերջինս:
Նրա խոսքերով, ԿԽՄԿ-ն գերիներին, որպես կանոն ներկայացնում է հարցի կարգավորման տարբերակները, բայց երբեք չի պարտադրում ընտրել այս կամ այն տարբերակը:
Հարցին, թե հնարավոր համարում ե՞նք այն տարբերակը, որ երրորդ անձը, ով տվյալ դեպքում հանդես է եկել թարգմանիչի դերում, միտումնավոր կամ թյուրիմացաբար խեղաթյուրել է ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքերը, Զ. Ամատունին ասաց. «Ոչ, քանի որ այդ դերում չէր կարող հանդես գալ մարդ, ով նույնիսկ տեսականորեն կողմնակալություն կարող էր դրսևորել: Նման աշխատանքներում ներգրավվում են անկախ թարգմանիչներ»:
Հարցին, թե արդյո՞ք ԿԽՄԿ-ն շարունակում է կապ պահպանել Արսեն Խոջայանի հետ, վերջինս ասաց, որ կազմակերպության մանդատի համաձայն, իրենք սովորաբար գնահատում են իրականացնում, իսկ առաջիկայում Խոջոյանի հետ հանդիպում է նախատեսվում:
Զ. Ամատունին նշեց, թե չի կարող ասել, որ այդ հանդիպման ժամանակ այդ հարցը կարծարծվի, սակայն նշեց, որ վերոնշյալ խնդրի շուրջ իրենք լրացուցիչ խոսել են ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ ու հաստատակամորեն կարող է պնդել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները նման բան Խոջոյանին չէին կարող առաջարկել ու չեն առաջարկել:
«Մեզ համար իսկապես կարևոր է գերիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածվող տարաբնույթ մեկնաբանությունները ու մենք անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարզաբանումներ ենք ներկայացնում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան