Տեսակետներ. Ադրբեջանը փորձում է իր խնդիրները բարդել Հայաստանի վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջնագծում հայկական զորքերի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման հետևանքով, երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորել:
Ըստ աղբյուրի, զինծառայող Էլմիրադ Գուրբանալիզադեն ու Ասիմ Գուլիևը հրազենային վնասվածքով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Panorama.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ կրակահերթեր չի եղել, հրադադարի ռեժիմի խախտումները մեծ թիվ չեն կազմել:
«Եթե վերջին օրերին այնպիսի լարվածություն եղած լինի, որի դեպքում հայկական կողմը պատասխան կրակով ճնշած լիներ հակառակորդին, կարելի կլիներ ենթադրել, որ ադրբեջանական կողմը վիրավորներ ունի, սակայն վերջին օրերին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թիվն առանձնապես մեծ չի եղել ու հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Վերջինս հավելեց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը չի համապատասխանում իրականությանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նույն թեմայի վերաբերյալ ասաց, որ վերջին շրջանում, ադրբեջանական կողմն այնքան զոհեր է ունեցել` այսպես ասած, ականի պայթյունների, ոչ կանոնադրական հարաբերությունների, վթարների հետևանքով, որ ստիպված է կորուստների ու վիրավորների մի մասը բարդել հայկական կողմի վրա` այն ներկայացնելով որպես մարտական կորուստներ:
«Մինչդեռ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հարգում են հրադադարի ռեժիմի կանոնները և ինչպես միշտ պատասխան գործողություններ են դիմում հույժ անհրաժեշտության դեպքում»,- հավելեց նա:
Ս. Հասրաթյանն անդրադարձավ նաև ադրբեջանական ՊՆ մամուլի ծառայության տարածած այն լուրերին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը ինտենսիվ կրակահերթեր է արձակել, նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները ամենօրյա հաճախականությամբ նման լուրեր են տարածում, որը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանն ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է մեծ թվով զոհերի ու վիրավորների մասին, որոնք արդյունք են ինքնասպանությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով կորուստների ու չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է վերջին վիրավորների հարցը քողարկել ու ներկայացնել որպես «հայկական ագրեսիայի հետևանք»:
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը այլևս չի հասցնում բանակում արձանագրվող զոհերը ներկայացնել իր համար նպաստավոր «փաթեթավորմամբ» ու լավ կլիներ, որ տեղեկատվական դաշտում անիմաստ պայքար մղելու ու իր խնդիրները քողարկելու փոխարեն, զերծ մնար ապատեղեկությունների տարածելուց ու դրանով իսկ` անիմաստ սրացումներ ապահովելուց»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում