ՔԶԱԿ. Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների 2/3-ը
Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր տնօրեն Ահմեդ Ուզումչուն հայտարարել է, որ Սիրիայից արդեն դուրս է բերվել քիմիական նյութերի պաշարների երկու երրորդը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը:
«ՌԴ-ն և ԱՄՆ-ն այդ գործընթացն իրականացնելու համար ներկայացրել են զգալի քանակությամբ նյութեր և սարքավորումներ»,-ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտարարել է Ուզումչուն` հիշեցնելով, որ ձգձգումները պայմանավորված էին երկրում շարունակվող պատերազմական իրավիճակով:
«Զինանոցի գրեթե 2/3-ն արդեն դուրս է բերվել: Կարևոր է, որ այն հնարավորինս արագ արվի: Մենք փորձում ենք հասնել ժամկետին` 2014 թվականի կեսերին: Հույս ունեմ, որ այս առաքելության հաջող իրականացումը նպաստելու է սիրիական ճգնաժամի կարգավորման համատեղ ջանքերին»,-ասել է ՔԶԱԿ-ի գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, որ ըստ ՔԶԱԿ-ի նախնական նախագծի՝ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս էին բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս էր բերվելու և ոչնչացվելու մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում: Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու էր 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Քիմիական զենքերի պաշարները կոչնչացվեն ԱՄՆ Cape Ray նավի վրա Միջերկրական ծովի չեզոք ջրերում: Սակայն նշված բոլոր ժամկետները հետաձգվում են: Սիրիայում քիմիական զենքի առաջին խմբաքանակը դուրս բերվեց 2014 թվականի հունվարի 7-ին, իսկ փետրվարի վերջին Սիրիայի կառավարությունը մշակեց և ՔԶԱԿ-ին էր ներկայացրեց թունաքիմիկատների դուրսբերման նոր պլանը` առաջարկելով այն երկարաձգել մինչև ապրիլի 27-ը: Ընդհանուր առմամբ ոչնչացվելու մոտ 1300 տոննա թունավոր նյութեր: