Ջանքերը պետք է ուղղվի սահմանագծում կայունության հաստատմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության զրույցում հայտարարել է, որ անհանգստացած է շփման գծում տիրող բռնությամբ: Վերջինս նաև նշել է, որ ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գորրծադրած ջանքերին` նպատակ ունենալով օգնել կողմերին` խնդրի խաղաղ կարգավորման հասնելու հարցում: Ըստ նրա, օգտվելով առիթից, կողմերը պետք է ձգտեն` վճռական քայլեր ձեռնարկելով այդ ուղղությամբ:
Առաջնագծում տիրող իրավիճակն իսկապես անհանգստացնող է, մանավանդ, երբ նկատելի է, որ առաջին գծում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը դրական առումով փոփոխության չի ենթարկվում: Ադրբեջանն այնպիսի ագրեսիվ է տրամադրված, որ նույնիսկ անտեսելով ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցվող կորուստների հանգամանքը (հատկապես վերջին շաբաթների ընթացքում դրանց թիվը մեկ տասնյակի է հասել), իր բոլոր ռեսուրսներն ուղղում է սահմանագծին անկայունություն մտցնելուն:
Կարևորելով ԵԱՀԿ դերակատարությունը կոնֆլիկտների կարգավորման հարցում ներդրած ջանքերի առումով, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ նախընտրելի կլիներ, որպեսզի ԵԱՀԿ ինստիտուտները, որոնք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հնարավորությունները կենտրոնացնեն առաջնագծում ստեղծված լարվածության թուլացման հարցում:
Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն արդյունավետ դարձնել ԵԱՀԿ առաքելության կողմից սահմանագծին իրականացվող դիտարկումների գործընթացը, այլ հետևողական աշխատանք տանեն` կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում:
Սրանք խնդիրներ են, որոնք կարող են լուծվել առարկայական միջամտությունների ու ԵԱՀԿ-ի կողմից անմիջական վերահսկողության դեպքում:
Միաժամանակ պետք է համաձայնվել ամերիկացի համանախագահի այն մտահոգության հետ, որ կոնֆլիկտը վտանգավոր է ու դա հենց միայն այն պատճառով, որ սահմանագծում առկա անկանխատեսելի իրավիճակը երկուստեք զոհերի ու ավերածությունների պատճառ է դառնում, իսկ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը Ադրբեջանը պաշտոնապես պահում է իր արտաքին քաղաքականության օրակարգում:
Ջեյմս Ուորլիքը նաև նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը կախված է կողմերի մտադրությունից:
Այս իրավիճակում, նախևառաջ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը բանակցություններից իր դժգոհությունն արտահայտի ոչ թե առաջնագծում սադրանքների իրականացմամբ, այլ իր մոտեցումների փաստարկված մատուցմամբ:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան