Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ Սահմանադրության խախտում չի եղել. Սահմանադրագետ
Այսօր մի քանի լրատվամիջոցներ վերլուծելով վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակման փաստը եկել են եզրահանգման, որ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ:
Ըստ նույն մեկնաբանությունների, Հովիկ Աբրահամյանի նշանակումը Սահմանադրության 65 հոդվածի խախտում է, որի համաձայն, պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Փորձեցինք սահմանադրագետ Վարդան Պողոսյանից ճշտել` արդյոք իսկապես Սահմանադրության խախտում է տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ:
«Ամեն ինչ սահմանադրական ճանապարհով է եղել: Սահմանադրության 65 հոդվածն ընդամենը ասում է, թե պատգամավորը ինչով կարող է զբաղվել և ինչով չի կարող զբաղվել: Հիմա եթե իրեն նշանակում են վարչապետ, բնականաբար, պետք է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով վայր դնի իր լիազորությունները: Բայց իրեն նշանակելու արգելք չկա: Ցանկացած մարդու, որը համապատասխանում է վարչապետ նշանակելու պահանջներին, նախագահն իրավասու է նշանակել վարչապետ, իհարկե, եթե վայելում է մեծամասնության վստահությունը: Այսինքն` եթե սահմանադրությամբ վարչապետի նշանակման հետ կապված վավերապայմանները բավարարված են, նախագահը կարող է ցանկացած մարդու` անկախ այդ պահին նրա զբաղեցրած պաշտոնից, նշանակել վարչապետ»,- ներկայացրեց սահմանադրագետը:
Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 65 հոդվածով սահմանված արգելքը, ըստ որի, պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ամբողջությամբ գործում է 1999 թվականից, երբ նույն թվականի մայիսի 30-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվեց Հայաստանի երկրորդ գումարման խորհրդարանը:
Դրանից հետո տասնյակ պատգամավորներ, առանց իրենց մանդատից նախապես հրաժարվելու, գործադիր պաշտոնների են նշանակվել: Սակայն, այս հանգամանքը, չգիտես ինչու ոչ մեկի ուշադրությանը չի արժանացել և երբեք ոչ ոք չի պնդել կամ հայտարարել, որ նշանակման փաստն ինքնին Սահմանադրության խախտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները