Հովիկ Աբրահամյանը` վարչապետ. Խոսում են քաղաքագետները
Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակի, ինչպես նաև նոր կառավարության առջև ծառացած խնդիրների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, վարչապետի փոխոխության հիմքում ընկած է «ոչ թե անձանց, այլ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հարցը»:
«Առաջին հարցը այն է, թե ինչպիսի՞ն պետք է լինի նոր կառավարությունը: Մինչ այս պահը մենք կառավարության կազմի հետ կապված հստակ պատասխաններ չունենք, առ այն, թե ձևավորվելիք կառավարությունը լինելու է մեծամասնությա՞ն, թե այնուամենայնիվ կոալիցիոն կառավարություն: Երրորդ տարբերակը, իմ կարծիքով, դա տեխնոկրատ կառավարարությունն է, որտեղ քաղաքական նշանակումներից բացի ներգրաված են նաև պրոֆեսիոնալ մենեջերներ»,- ասաց Ա. Մարկարովը:
Մյուս կողմից, ըստ բանախոսի, ձևավորվելիք կառավարության արջև ծառացած է նաև առկա սոցյալ-տնտեսական խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու հարցը:
«Անհրաժեշտ է ստեղծել նաև առավել նպաստավոր պայմաններ արտաքին ներդրողների համար: Այս առումով սակայն պետք է նշել, որ Հայաստանը տարբեր վարկանիշներով գտնվում է բավական բարձր դիրքերում»,- ասաց Ա. Մարկարովը ` հավելելով , որ սա առաջին հերթին պայմանավորված է նախորդ կառավարության գարծունեությամբ:
Վերջինիս խոսքերով, այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է, որ Հայաստան գան իրական ներդրումներ:
Տիգրան Աբրահամյանի կարծիքով` եթե նոր կառավարության գործունեության հիմքում ընկած են նույն սկզբունքներն ու առաջնահերթությունները, իսկ նախորդի կուրսը շարունակվելու է, ապա վարչապետի պաշտոնանկության հիմքում երկու պատճառ կարելի է տեսնել:
«Առաջին, իշխանությունը համոզված է, որ երկրի տնտեսական զարգացմանը կարող է հասնել այն ճանապարհով, որն ի սկզբանե դրվել էր կառավարության առաջ, սակայն նախկին վարչապետն ի վիճակի չէր դա իրականացնել ու իշխանությունը ստիպված էր կառավարչի փոփոխություն իրականացնել:
Երկրորդ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերապահված էր անցումային վարչապետի դերակատարություն, իսկ այս փուլում, առկա մարտահրավերներին արդյունավետ լուծում կարող է առաջարկել Հովիկ Աբրահամյանը»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Բանախոսը հիմնավորված չի համարում քաղաքական դաշտում հնչած բոլոր այն պնդումները, թե Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը արտաքին խաղացողների միջամտության արդյունք էր:
«Դրանք անհիմն են, ոչ միայն այն առումով, որ նման թեզերի առաջ քաշման հիմքում ընկած են «մութ ուժերից» ստացված ազդակները, այլև առհասարակ, անհասկանալի է, Կրեմլի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի շահագրգռվածությունը Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում»»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, նոր կառավարության առջև կանգնած գլխավոր խնդիրը «իշխանության հենարանի ընդլայնումն է»:
«Արդյո՞ք դա կլինի ֆորմալ կոալիցիայի, թե՞ կուսակցությունների առանձին ներկայացուցիչների միջոցով ցույց կտա ժամանակը: Սակայն ինչ տեսքով էլ այս քայլը իրականացվի, այն կընդլայնի իշխանությունների քաղաքական հենարանը»,- ասաց Ս. Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ կառավարության փոփոխությունը որոշակի առումով կլիցքաթափի քաղաքական մթնորորտը:
«Եթե նույնիսկ հասարակությունը դրական սպասումների չունենա, այս քայլը որոշակի չափով կնվազեցնի լարվածությունը»,- նշեց Ս. Մինասյանը:
Մյուս կողմից, ըստ բանախոսի, նոր կառավարության արջև կանգնած է նաև ներքին ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման և կոշտ քաղաքական մոտեցումների միջոցով նախորդ կառավարության օրոք մեկնարկած բարեփոխումները շարունակելու խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան