Ձկնարտադրության ոլորտի լիցենզավորմամբ արտադրողները մեծ կորուստներ կկրեն
Ձկնարտադրության ոլորտում լիցենզավորման օրենքով հայ ձկնարտադրողները մեծ կորուստներ կկրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Նա նաև հավելեց, որ այժմ ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է որոշակի լիցենզավորման գործընթաց անցնել, ինչը ճիշտ մոտեցում չի համարում:
Ըստ նրա` առանց ձկնաբույծների հետ քննարկելու, համաձայնեցնելու, նման որոշում են կայացրել, մինչդեռ ձկնաբուծության լիցենզավորման գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը և այլ կարևոր հարցեր:
Ա.Աթոյանը նշեց, որ լիցենզիա ստանալու համար ձկնաբուծական ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ, ինչը
բավականին մեծ գումար է: Բացի այդ, լիցենզավորման համար տնտեսությունները պետք է բավարարեն այնպիսի նորմատիվ պահանջների, որոնց պարտադիր լինելը, ըստ նրա, ևս հիմնավորված չէ:
Միության նախագահն ասաց, որ առանց գիտական հիմնավորումների 10 անգամ թանկացրել են ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրերը. «Հարց է առաջանում` ինչո՞ւ տասն անգամ, եթե ոչ երկու կամ երեք անգամ: Սա նշանակում է, որ թանկացումներ կլինեն: Այսօր արդեն ինձ ահազանգել են, որ օգտագործվող ջրերի թանկացման հետ կապված երեք ձկնային տնտեսություններ դադարեցնում են իրենց գործունեությունը: Գործընթացը դեռ նոր է սկսվել, մենք ավելի շատ աշխատատեղեր կկորցնենք, մեր երբեմնի եկամտաբեր բիզնեսն դարձել է անեկամտաբեր, շատերը մտադիր են իրենց բիզնեսը վաճառել կամ դադարեցնել»:
Ըստ նրա` ձկնաբուծական տնտեսությունների համար նվազագույն վնասով ջրի տնտեսման խնդրի լուծման համար առաջարկում են ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում, համապատասխան պետական գերատեսչությունների և ձկնաբուծական ընկերությունների մասնագետներ։
«Ես դիմել եմ նաև ՀՀ նախագահին և կառավարությանը, որպեսզի մեկական ներկայացուցիչներ ընդգրկեն այդ աշխատանքներում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է գյուղացիների դժգոհություններին, թե Արարատյան դաշտում գործող ձկնային տնտեսությունները նախատեսվածից ավելի ջուր են օգտագործում, որի հետևանքով ջուրը պակասել է և շատ հողերը չեն ոռոգվում, Ա.Աթոյանն ասաց, որ նույն համայնքների ղեկավարներն էլ իրենց հետ հանդիպումների ժամանակ պատճառաբանել են, որ ջուր կա, բայց վնասված է ջրի տեղափոխման ցանցը, որի պատճառով էլ չեն կարողանում ոռոգել հողերը:
«Իհարկե կարևորում ենք ձկնաբուծական տնտեսություններում ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների անցկացումը, սակայն ձեռնարկվող քայլերը չպետք է խոչընդոտեն ձկնաբուծական տնտեսությունների նորմալ գործունեությանը: Եթե մենք ունենք ջուր, բայց չենք կարողանում հավասար տեղաբաշխել, դա չի նշանակում, որ ձկնաբուծականը մեղք է գործում, երբ ինքը ջուր է բաց թողնում»,- ընդգծեց Ա.Աթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա