Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով թիվ մեկ խնդիրը լուծված չէ. Սահմանադրագետ
Սահմանադրությունները շատ հաճախ չպետք է փոփոխվեն, իսկ եթե փոխվում են, ապա դրանց հիմքում պետք է դրվի տվյալ ժողովրդի, հասարակության գաղափարական հենքը, իսկ Հայաստանի դեպքում` հայկական պետականության մոդելը: Այս կարծիքին է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Ինչ վերաբերում է արդեն հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին, ապա Panorama.am-ի զրուցակցի կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հայեցակարգի նախագծի վրա թերի է աշխատել: Նա արդեն ուսումնասիրել է հայեցակարգի նախագիծը և նկատել, որ գործող Սահմանադրության գլուխներում «դրվագային փոփոխություններ» են կատարվել, սակայն նրա կարծիքով, առաջնային խնդրին լուծում տրված չէ:
«Սահմանադրությունն ինքնին համամարդկային արժեքների վրա խարսխված պետության հիմնական օրենքն է, փոխել Սահմանադրություն, նշանակում է փոխել համամարդկային արժեքներ: Իսկ համամարդկային արժեքները չեն փոխվում: Հետևաբար, Սահմանադրության մեջ թիվ մեկ խնդիրը պետք է լինի սահմանում այն մասին, թե որն է հայկական պետականության, հայ հասարակության մոդելը: Այդ մոդելի սահմանումից էլ պետք է տրամաբանորեն բխի, թե կառավարման ինչ ձև պետք է լինի այդ մոդելի իրացման համար», -մեզ հետ զրույցում նկատեց սահմանադրագետը:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունը, որն ամենաշատ քննարկվողն է, ըստ մասնագետի, «դրվագային բնույթ ունի»:
«Ընդհանրապես, պետք է հասկանալ, թե հանրությունը ինչ ակնկալիք ունի սահմանադրական փոփոխություններից: Ինձ թվում է մեկ ակնկալիք ունի` դրանից հետո որքանով մեր սոցիալական վիճակը կլավանա և արտագաղթը կնվազի: Սոցիալական վիճակի լավացման և արտագաղթի զսպման համար պետք է զարգացում, իսկ դրա համար անհրաժեշտ է պետություն-հասարակություն փոխհարաբերություններում ներդաշնակություն, առանց որի զարգացում չի լինի: Հիմա Սահմանադրական փոփոխությունները պետք է ուղղված լինեն այս ներդաշնակության ապահովմանը», -նկատեց Վարդան Այվազյանը:
Միայն կառավարման ձևի փոփոխումն այդ հարցը չի կարող լուծել:
Նա համաձայն է ՀՀ նախագահի հետ. Հայաստանում կառավարման մոդելը պետք է լինի կիսանախագահական, քանի որ դրա թերությունների մասին ոչ մի գիտական ու տրամաբանական հիմնավորում չի ներկայացվել:
«Եթե դու պետության կառավարման նոր մոդել ես առաջարկում, ապա պետք է մանրակրկիտ սահմանադրաիրավական աուդիտ անցկացնես և հայեցակարգի նախագծով տրամաբանական հիմնավորում ներկայացնես, թե Սահմանադրության մեջ հատկապես որ դրույթներն են, որոնք այսօրվա դրությամբ խոչընդոտում են երկրի զարգացմանը», -վստահ է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտը:
Մասնագետի համար նաև զարմանալի է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները, թե պետության կառավարման մոդելը պետք է որոշեն քաղաքական ուժերը, քանի որ նրանք են հիմնական խաղացողները:
«Քաղաքական ուժը եթե որոշեց կառավարման ձևը, ապա Սահմանադրությունը կդառնա «տուսովկայի» արդյունքում ընդունված փաստաթուղթ, կկորցնի իր սահմանադրականությունը, հիմնարար բնույթը և կվերածվի քաղաքացիաիրավական փաստաթղթի, որի դրույթները ցանկացած ժամանակ կարող են վիճարկվել ու բողոքարկվել «քաղաքական խաղացողների» կողմից, եթե վերջիններիս շահերի հետ չհամընկնի: Իրենք կարող են և պետք է մասնակցեն քննարկումներին, կարծիք հայտնեն, բայց չեն կարող որոշել», -կարծում է մեր զրուցակիցը:
Նախորդող հրապարակումներ`
Հրայր Թովմասյանը՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում հանրաքվեի անցկացումը համարվում է կենսական անհրաժեշտություն
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է բարեփոխել կառավարման համակարգը (Տեսանյութ)