«Ռոմանտիկները»՝ շուտով. «Զուգահեռներ Հայոց ցեղասպանության և այսօր կատարվող «ցեղասպանության» միջև» (տեսանյութ)
Երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքի՝ «Ռոմանտիկները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայանալու է ապրիլի 25-ին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Ազատյանը:
Նա նաև մի քանի «բացահայտումներ» արեց ֆիլմի սյուժեից. «Ֆիլմի էական թեմաներից մեկը Հայոց ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների միջև»:
Նրա ներկայացմամբ, հայ և գերմանացի երիտասարդները քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը բավականին սուր համատեքստով, մինչև անգամ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչում թուրքերի, գերմանացիների մասին: Բացի այդ, ռեժիսորի պատմելով, ֆիլմում զուգահեռներ են տարվում այսօր Հայաստանում տեղի ունեցող «ցեղասպանության» հետ. «Խոսքը վերաբերում է բացասական երևույթներին՝ արտագաղթ, հայրենիքի ապագայի նկատմամբ բացասական դիրքորոշում, որոնք ինչ-որ տեղ դիտարկվում են որպես ցեղասպանություն»:
Ա. Ազատյանն ասաց, որ իրենց համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։
«Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները, գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են»,- ասաց ֆիլմի ռեժիսորը։
«Ռոմանտիկները» երիտասարդական դրամայի գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև՝ Կարեն Խոսրովյանը, Դեվիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։ «ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ» իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում» (Շվեդիա) 2014թ. հունվարին։
«Արձագանքը բավականին դրական էր: Շնորհակալություն էին հայտնում, որ ֆիլմում խոսվում է Հայոց ցեղասպանության մասին: Նաև հետաքրքիր էր այն առումով, որ ներկայացվել էր Հայաստանը ոչ թե գունավոր գույներով, այլ վեր էին հանվել այն խնդիրները, կոնֆլիկտները, մարդկային հարաբերություններ, որ կան այսօր: Մենք ցանկացել ենք խնդիրները, սխալները ցույց տալով հասկացնել, որ պետք է սխալը գիտակցել ու շտկել»,- ասաց Ա. Այվազյանը:
Նշենք, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» Ազգային Կինոյի մրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ» և «Լավագույն դերասան»։
Նախորդիվ՝
«ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» նախ` Գոթենբորգի կինոփառատոնում, այնուհետև՝ Հայաստանում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները