Կարծում եմ` նոր վարչապետը կկարողանա նվազեցնել առկա սոցիալական լարվածությունը. Գագիկ Մակարյան
«Հովիկ Աբրահամյանի փորձառությունը օրենսդիր և գործադիր մարմիններում կարող է հավասարակշռություն ստեղծել տարբեր կողմերի և շահերի միջև, ուստի գտնում եմ, որ նոր վարչապետը կկարողանա առաջին հերթին համախմբել քաղաքական ուժերին և նվազեցնել հասարակության շրջանում առկա սոցիալական լարվածությունը»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրությունով կարևորվեց երկրի ներսում քաղաքական համերաշխություն և քաղաքական վստահություն ձևավորելու հարցը:
Ինչ վերաբերում է նոր կառավարության ձևավորմանը, Գ.Մակարյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը մեկ անգամ ևս փաստում են, որ կառավարության անդամների նշանակման հարցում կա ոչ ստանդարտ մոտեցում: Այսինքն` նոր նախարարներն ավելի հետաքրքիր են լինելու և փորձելու են նոր շունչ հաղորդել կառավարությանը:
«Նախորդ կառավարությունը համարյա չփոխվեց, ստատիկ վիճակի կառավարություն էր, նախարարներն իրենց գործունեությամբ, մտածելակերպով համապատասխան չէին մեր ժամանակներին, ռեֆորմների առումով էլ նույնպես առաջադեմ չէին»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` նախորդ կառավարության դեպքում ռեֆորմների գաղափարը ոչ թե տրվում էր նախարարների կողմից, այլ` «վերևից էր գալիս», այսինքն` նախարարների մոտ նախաձեռնողականությունը այդքան էլ մեծ չէր: Իսկ նախարարների մեծ մասն էլ, ըստ նրա, ուղղակի փորձում էր «յոլա գնալով» մասնակցել կառավարության աշխատանքներին:
Անդրադառնալով տնտեսությանը, Գ.Մակարյանը նշեց, որ Հայաստանում իրավիճակն այնքան է սրվել` աղքատություն, միգրացիա, անհավասար մրցակցային պայմաններում հայտնված փոքր և միջին բիզնես, թույլ զարգացած արդյունաբերություն, որ կառավարությունը դրանք պետք է անհապաղ լուծի:
«Այստեղ պետք չէ ընկնել մեծ ռեֆորմների հետևից, դրա համար ժամանակ ծախսել, Եվրոպայից կամ ինչ-որ մեկից գումարներ ակնկալել և դրա դիմաց հետո հաշվետվություն ներկայացնել: Պարզապես պետք է վերցնել այսօրվա խնդիրները և դրանց լուծում տալ»,- ասաց նա:
Գ.Մակարյանը ներկայացնելով իր կողմից առանձնացրած մի քանի կարևորագույն խնդիրներ, ասաց, որ օրինակ` պետք է մտածել, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի թեթևանա փոքր բիզնեսի վիճակը, երկրում բարձրացվի արտադրողականությունը, արդյունաբերական որոշակի տեղաշարժեր լինեն, կանխարգելվի միգրացիան, աշխատատեղեր բացվեն, ինչ անել, որպեսզի Գյումրում անօթևան մնացած 4 հազար ընտանիքը բնակարանով ապահովվի: Սրանք խնդիրներ են, որոնք, ըստ Գ.Մակարյանի, շատ արագ կարող են լուծվել: Մասնավորապես, անդրադառնալով անօթևանների բնակարանային խնդրին, նշեց, որ դա լուծելու համար հարկավոր է ներգրավել 12 մլն դոլար: Այդ գումարը նորանշանակ վարչապետը կարող է հավաքագրել խոշոր բիզնեսից և էժան գներով շինարարություն կազմակերպել: Արդյունքում 4 հազար ընտանիք տանիք կունենա: Բացի այդ, միայն այս շինարարությունը ձեռնարկելով` ՀՀ տնտեսությունը աճ կարձանագրի:
Գ.Մակարյանը կարևոր խնդիրներից է համարում այն, որ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կիրառումը որոշակի ժամանակ պետք է սառեցվի` առկա դժգոհությունների հանդարտեցման համար: Բացի այդ, կառավարությունը պետք է փորձի երկրում վերականգնել արդարադատությունը: Արդարադատության նկատմամբ պետք է լինի զգայուն, այսինքն յուրաքանչյուր բողոք ոչ թե պետք է անտարբերության մատնվի և համապատասխան նախարարության կողմից լուծում չստանա, ինչի արդյունքում մարդիկ ստիպված հավաքվեն կառավարության առաջ, այլ կառավարությունը ինքը պետք է այդ նախարարներից պահանջի, որ ժամանակին խնդիրներին արձագանքի:
«Արդարադատության վերաբերյալ ամեն մի երևույթ պետք է արձագանք ստանա: Կարծում եմ` նման քայլեր ձեռնարկելուց հետո կառավարությունը կվերականգնի ժողովրդի վստահությունը, ժողովուրդը կաջակցի, կհարգի իր կառավարությանը, արդյունքում` կառավարության գործը կհեշտանա: Իսկ եթե աշխատի մի միջավայրում, որտեղ դժվարությամբ են իրեն հավատալու, ապա այդպիսի կառավարությունը դատապարտված է ձախողման: Միշտ պետք է հենվել ժողովրդի և բիզնեսի վրա, իսկ դրա լավագույն ճանապարհը թափանցիկ և արձագանքելու մեխանիզմների ճկուն կիրառումն է»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Հարցին, եթե առաջարկեն ընդգրկվել կառավարության աշխատանքներում, ապա կընդունի այդ առաջարկը, Գ. Մակարյանը նշեց, եթե այդ առաջարկը համապատասխան լինի իր գիտելիքներին, նախասիրություններին և փորձին, ինչպես նաև դիրքին, քանի որ լինելով միության նախագահ ունի որոշակի ստատուս, ապա կընդունի:
«Ես ինձ համարում եմ ակտիվ քաղաքացի, տիրապետում եմ տնտեսությունում առկա շատ խնդիրների, բացի այդ, օժտված եմ աշխատասիրությամբ, փորձում եմ հավասարակշռություն պահել մասնավոր և պետական մարմինների միջև, դրսում ներկայացնում եմ գործարարների շահերը, ուստի նման պարամետրերով օժտված` կարող եմ իմ մտավոր էներգիան, ռեսուրսները տրամադրել, որպեսզի արագ այս վիճակից դուրս գանք»,- ասաց Գ.Մակարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ եթե հստակ քայլեր ձեռնարկվեն, կառավարության կազմում լինեն մարդիկ, ովքեր լավատեղյակ են գործից, ապա վստահությամբ կարելի է ասել` տնտեսությունը կարող են դուրս բերել ճգնաժամից:
«Իհարկե վիճակը ծանր է, տնտեսությունը թուլացել է, բայց պատկերացրեք, որ կարող ենք առաջ գնալ»,- ասաց Գ.Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները