Երևանում անցկացվելու է «Սոսե» կինոփառատոն
Ապրիլի 18-ին Երևանում կայանալու է «Սոսե» կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի նախաձեռնող կազմակերպիչ Մարիամ Մինասյանը:
«Փառատոնն այդպես ենք անվանել ի պատիվ Սոսե մայրիկի, ով մարմնավորում է՝ կանացիություն, հերոսություն, ազգի նվիրյալ զավակ, մայր»,- փառատոնի անվանումն այդպես մեկնաբանեց նա:
Ըստ Մ. Մինասյանի, ներկայացված ֆիլմերի թեման կինն է: Կինոփառատոնի նախաձեռնող կազմակերպիչ Ռիտա Խալաթյանն էլ ասաց, որ փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 8 խաղարկային, կարճամետրաժ ֆիլմեր՝ «Խոստացված հանդիպում», «Գնալու եմ», «Սպասում…», «Մեկ ծուխ, մեկ միտք», «Մերկացած կինը», «Հրաժեշտ մերինեին», «Կյանք», «Աշնան արև» :
«Մենք այս տարին համարում ենք փառատոնի ծնունդը: Նախատեսում ենք, որ այն լինելու է ամենամյա: Հաջորդ տարիների ընթացքում կընդգրկենք նաև լիամետրաժ, վավերագրական ֆիլմեր»,- նշեց նա:
Կազմակերպիչների տեղեկացմամբ, փառատոնում ընդգրկված են հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», օն-լայն քվեարկության արդյունքում «Հանրության համակրանք»:
Մարիամ Մինասյանն ասաց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցները՝ ռեժիսոր Արտ Սևադա, դերասանուհի Լաուրա Քյոսայան, դերասան, ռեժիսոր Արթուր Թումասյան, ռեժիսոր Վահե Յան:
«Մենք ընտրեցինք հենց արտասահմանում գործունեության ծավալող կինոոլորտի ներկայացուցիչների, քանի որ նրանք ավելի շատ են զբաղված փորձի փոխանակմամբ, շփվում են դրսի արվեստագետների հետ, կարող են ուղղության տալ: Իսկ ինչու հենց հայ, քանի որ նրանք ավելի շատ են տեղյակ մեր կինոյի խնդիրներից, ոլորտի թերացումներից»,- նշեց նա:
Ռիտա Խալաթյանն էլ ասաց, որ այսօր հայկական կինոն դոփում է նույն տեղում և հենց փորձի փոխանակումների, արտասահմանյան դպրոցների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է առաջ գնալ:
Փառատոնի կազմակերպիչն է «Զիս» պրոդաքշնը, աջակցել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը: