Ավագ հինգշաբթի. Հայաստանյան եկեղեցիներում կատարվելու է Ոտնլվայի արարողություն
Ավագ շաբաթվա ընթացքում ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է` Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):
Արարտյան հայրապետական թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, ժ. 11.00-ին մատուցվում է Ս. Պատարագ, տրվում է Ս. Հարղոդություն:
Ոտնլվայի արարողությունը կատարվելու է է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերել է Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում օրհնվելու և բաժանվելու է յուղը:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվելու է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինի աշտանակը վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ: Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ):
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը (սրա հիշատակն ենք նշում եկեղեցում այս օրը կատարվող Ոտնլվա արարողությամբ, որի վերջում հավատացյալներին օրհնված յուղ է բաժանվում հիվանդությունների պարագային գործածության համար), նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով սուրբ Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ 17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո՛ տալ սուրբ Խորհուրդը:
Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ: Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին՝ Տի-րոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50):
Հիշեցնենք, որ Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները