Տեսակետներ. Նախիջևանում սպառազինության կուտակումները իրական սպառնալիք են
Ադրբեջանը Նախիջևանում լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որին ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են բավականին մեծ հնչեղություն հաղորդել: Հայտնի է, որ դրանում ներգրավված է նաև ավիացիան:
Panorama.am-ի հետ զրույցում, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանն այս առնչությամբ նշեց, որ Ադրբեջանի կողմից, նման մասշտաբի զորավարժությունների անցկացումը ուժի ցուցադրման դրևսորում է:
«Նախիջևանում անցկացվող զորավարժություններն ու սպառազինության կուտակումները իրական սպառնալիք են: Ուշադրություն դարձրեք, որ կուտակումներ տեղի են ունենում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Ըստ նրա` ենթադրվում է, որ Հայաստանն այդ ուղղությամբ եկող սպառնալիքի չեզոքացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, սակայն պարտադիր չի, որ այն Ադրբեջանի նման հրապարակայնացվի:
Վերջինս նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շեղում են միջազգային հանրության ուշադրությունը Հարավային Կովկասից, ինչը լավագույն ձևով օգտագործում է ադրբեջանական կողմը:
«Կարծում եմ` ՀԱՊԿ մեր գործընկերները ևս ուշադիր են Նախիջևանում նկատվող զարգացումներին, որում մեծ դերակատարություն ունի Թուրքիան, անկասկած, Նախիջևանում Թուրքիայի դերակատարության ամրապնդումն ուղղված է նաև ՌԴ-ի դեմ»,- հավելեց վերջինս:
ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Վեստի.ազ»-ի հետ զրույցում նշել է, որ եթե որևէ երկրի զինված ուժեր զորավարժություններ չեն անցկացնում, ապա ուղղակի պետք է ցրել այդ բանակը:
Ռազմավարական զարգացումների մոդելավորման կենտրոնի փոխտնօրեն Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ ներկայումս մի ժամանակաշրջան է, երբ բոլոր երկրները զորավարժություններ են անցկացնում:
«Եթե զորավարժություններ են անցկացվում, դա նշանակում է, որ իրական պատերազմ չկա, ինչն արդեն լավ է: Զորավարժությունները վախեցնելու, զգուշացնելու դեր ունեն, սակայն ամենավտանգավորն առանց զգուշացման հարված հասցնելն է»,- ասել է նա:
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի համար Նախիջևանն ամենախոցելի տարածքն է, այդ առումով տրամաբանական է, որ Ադրբեջանը այնտեղ տեղակայված զորքերի մարտունակության բարձրացմանը մեծ տեղ է տալիս:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ նշեց, որ Նախիջևանում տեղակայված զորքերի համալրումն ու մարտունակության բարձրացումը մեկ նպատակ ունի` ստիպելու Հայաստանին, ուժեր կենտրոնացնել սահմանի այդ հատվածում:
«Ադրբեջանի իշխանությունները բավականին երկար ժամանակ Նախիջևանում լուրջ քայլեր չեն ձեռնարկել, իսկ այս օրերին այնտեղ անցկացվող զորավարժություններն ավելի շատ ցուցադրական բնույթի են` փորձում են ցույց տալ, թե այնտեղ մարտունակ ուժեր կան: Հավանականությունն անչափ փոքր է կարծելու, թե Ադրբեջանը խնդիր է դրել այդ ուղղությամբ ևս, ագրեսիայի դիմել»,- ասաց ռազմական փորձագետը:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Վեստի.ազ»-ի հետ զրույցում նշել է, որ զորավարժությունները պլանային բնույթ են կրում և Նախիջևանում առանձին համազորային բանակ կազմավորելուց հետո առաջին ստուգատեսն է:
Նա նշել է, որ տեղի ունեցածին հեռուն գնացող եզրակացություններ պետք չէ անել, այն մնացած զորավարժությունների տարբերվում է միայն նրանով, որ Նախիջևանում նման մասշաբի զորավարժություն չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան