«Ցեղասպանության խնդիրը ամերիկյան կողմի համար առավելապես քաղաքական առևտրի առարկա է»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ընդամենը կիսաքայլ է, որի հիմնական նպատակը ամենևին հայ ժողովրդի արդար պահանջը չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Սենատի հանձնաժողովի այս որոշումը, հուրախության մեզ, այս անգամ շատ ավելի հանգիստ ընկալվեց մեր հասարակության կողմից: Այդպես էլ պետք է լիներ, հենց այն առումով, որ դա վերջնական քայլ չէր, այլ քայլերից մեկն էր: Նման քայլեր նախկինում նույնպես եղել են: Սա ուղղակի մարտավարական քայլ էր Միացյալ Նահանգների կողմից:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի արձագանքներին, ապա այստեղ մենք նույնպես տեսնում ենք Անկարայի` արձագանքման ավանդական ոճը: Պարզապես այս անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցման համատեքստում, ավելի լուրջ ագրեսիվություն է նկատվում: Ցեղասպանության ճանաչման դեմ արշավին այս օրերին ներգրավված է թուրքական ամբողջ վերնախավը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Բանախոսի համոզմամբ` թուրքական կողմի այս քայլերն ի սկզբանե դատապարտված են:
«Թուրքական կողմը, ըստ էության, գերի է դարձել իր իսկ կողմից որդեգրված քաղաքականությանը»»,- ասաց թուրքագետը:
Այնումենայնիվ, ըստ բանախոսի, ամերիկյան կողմում այս անգամ ևս «գերիշխելու են իրատեսական քաղաքական մոտեցումները»:
«Իսկ դրանք միշտ առավել են քան բարոյական մոտեցումները: Ցեղասպանության խնդիրը ամերիկյան կողմի համար առավելապես քաղաքական առևտրի առարկա է: Այս քայլով Նահանգները, մի կողմից որոշակի ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա, իսկ մյուս կողմից` որոշակիորեն սիրաշահում է Հայաստանին և հայ ժողովրդին: Ցավոք սրտի, այս քայլերը տեղավորվում են սառը քաղաքական հաշվարկի համատեքստում և չունեն վերջնական նպատակ: Սրանք կիսաքայլեր են, որոնց նպատակը, ամենևին, հայ ժողովրդի արդար պահանջը չէ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում