Տիգրան Զարգարյան. Ազգային գրադարանը հավաքում է Հայոց ցեղասպանության մասին մամուլի արձագանքները
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հաջորդ տարի Հայաստանի Ազգային գրադարանում կազմակերպվելու է ցուցահանդես: Այս մասին ասուլիսում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա ասաց, որ իրենք արդեն սկսել են հավաքչական աշխատանքները, համագործակցում են տարբեր դեսպանատների հետ: Տ. Զարգարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք սկսել են կազմել շտեմարան, որի մեջ ներառում են այն ժամանակվա մամուլի արձագանքները, հիմնականում ամերիկյան մամուլն է:
Ազգային գրադարանի տնօրենը խոսելով առաջիկա ծրագրերի մասին, հույս հայտնեց, որ արդեն աշնանը կբացեն Գրատպության թանգարանը, որի համալրման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային գրադարանում ստեղծվում է գրատպության թանգարան։ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը խնդրանքով դիմել էր այն մարդկանց, ովքեր ունեն գրատպության պատմությանն առնչվող նյութեր (մայր տառեր, տպագրական հաստոցի մասեր, մամլիչներ և այլն) և ունեն ցանկություն նվիրելու գրատպության թանգարանին, ապա իրենք սիրով կընդունեն դրանք։
Ինչ վերաբերում է մարզային գրադարաններին, Տ. Զարգարյանն ասաց, որ համայնքային, գյուղական, նաև դպրոցական գրադարաններում ահռելի խնդիրներ կան:
«Առաջիկա երկու-երեք տարիներին կկենտրոնանանք համայնքային գրադարանների վրա»,- նշեց նա:
Նաև հավելեց, որ հիմնականը ժամանակակից գրականության համալրման խնդիրն է: Տ. Զարգարյանը տեղեկացրեց, որ իրենք մարզային գրադարանավարների համար վարպետության դասընթացներ են կազմակերպում, շարունակվում է նաև գրքերի թվայնացման գործընթացը. անդեն թվայանացվել է մոտ մեկուկես միլիոն էջ (ընդհանուր քանակը կազմում է քսան միլիոն էջ):