ՀՌԿԿ հարցում. Հայաստանում հանրությանն առավել հուզող հարցը գործազրկությունն է, իսկ Ադրբեջանում՝ հակամարտությունները
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) հրապարակել է ամենամյա ընտրանքային հարցման՝ Կովկասյան բարոմետր 2013-ի հիմնական արդյունքները: Անցյալ տարվա աշնանը հարավկովկասյան երկրներում պատահականորեն ընտրված շուրջ 6000 տնային տնտեսություններում արված հարցումները հարուստ տեղեկատվություն են պարունակում Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների վերաբերյալ գոյություն ունեցող հանրային կարծիքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ՀՌԿԿ-Հայաստանի մամուլի ծառայությունից:
Ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով հավաքագրված տվյալները բացառիկ հնարավորություն են ընձեռում ոչ միայն հետևելու հանրային կարծիքի և յուրաքանչյուր երկրում կենսամակարդակի փոփոխություններին, այլ նաև վերլուծելու դրանք ըստ սեռի, տարիքի, բնակավայրի տեսակի և բազմաթիվ այլ փոփոխականների:
2013թ. հավաքագրված տվյալների միջոցով բացահայտված որոշ միտումներ կարևոր կիրառություններ կարող են ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: Չորրորդ տարին անընդմեջ, գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր Հայաստանում (45% և 16%, համապատասխանաբար) և Վրաստանում (54% և 10%), մինչդեռ Ադրբեջանում կարևորագույն խնդիրներ են համարվել նախ չլուծված տարածաշրջանային հակամարտությունները և ապա միայն` գործազրկությունը (38% և 25%):
Հայաստանում 68%-ը հավատացած են, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, մինչդեռ Ադրբեջանում այդպես է կարծում 52%-ը. Վրաստանում այս ցուցանիշը կազմել է 76%: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում 2013թ. նկատելիորեն ավելացել է երկիրը ոչ ժողովրդավարական համարող մարդկանց տոկոսը (34%, ի համեմատ 2012թ. 28%-ի և 2011թ. 27%-ի):
2013թ. հարցաշարը պարունակում է նաև նոր հարցեր, որոնք տրվել են հարավկովկասյան երեք երկրներում՝ տարածաշրջանային հակամարտությունների, մարդու իրավունքների ու դատական համակարգի, Ֆեյսբուք սոցիալական ցանցի և սոցիալական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Բոլոր երեք երկրներում մարդիկ լավ տեղեկացված չեն հարևան երկրներում գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների մասին:
Օրինակ, հայաստանցիների և ադրբեջանցիների մոտ կեսը չեն էլ լսել վրաց-աբխազական հակամարտության մասին: Ղարաբաղյան հակամարտությանն ավելի քաջատեղյակ են Վրաստանում, որտեղ հարցվածների 62%-ն ասել է, որ լսել է այդ մասին: Իշխանությունների ազդեցությունից դատարանների անկախ լինելու մասին կարծիքը Հայաստանում կիսել են հարցվածների միայն 13%-ը, Ադրբեջանում՝ 25%-ը, Վրաստանում՝ 33%-ը: Ֆեյսբուք սոցիալական ցանցը բավականին տարածվելով՝ դեռևս չի դարձել հաղորդակցության առօրեական միջոց. Հայաստանում և Ադրբեջանում միայն յուրաքանչյուր յոթերորդն է շաբաթն առնվազն մեկ անգամ օգտվում Ֆեյսբուքից, իսկ Վրաստանում՝ յուրաքանչյուր հինգերորդը:
Կարծիքները Եվրասիական տնտեսական համագործակցություն-Մաքսային միությանը (ԵՏՀ-ՄՄ) և Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու վերաբերյալ նույնպես տարբեր են երեք երկրներում: Իրենց երկրի անդամակցությանը ԵՄ-ին աջակցում է վրաստանցիների 65%-ը, հայաստանցիների 41%-ը, իսկ ադրբեջանցիների միայն 34%-ը: Հայաստանում ԵՏՀ-ՄՄ անդամակցելուն կողմ է 55 %-ը, իսկ Վրաստանում՝ 32%-ը:
Վերոնշյալի համատեքստում, երջանկության զգացման մակարդակը զարմանալիորեն շարունակում է մնալ բավականին բարձր. 1-10 սանդղակով գնահատելիս՝ Հայաստանում հարցվածների միջին երջանկությունը կազմել է 6.7 միավոր, Ադրբեջանում՝ 6.6, իսկ Վրաստանում՝ 7.0 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան