Ինչո՞ւ են մարդկանց անձնական տվյալները հրապարակվում ԿԸՀ կայքէջում. Իրավաբանի պարզաբանումը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնակայն կայքում տեղադրված է ՀՀ ընտրողների ռեգիստրը, որտեղ ներկայացված են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների որոշ տվյալներ, ՀՀ Ընտրական օրենսգրքի իմպերատիվ, պարտադիր պահանջ է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Panorama.am-ը շատ հաճախ քաղաքացիներից մտահոգություններ է ստանում այն մասին, թե ինչու են ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվում իրենց անձնական տվյալները, այն է` անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվն ու օրը, հաշվառման վայրի հասցեն, բնակարանը/տունը/: Մեզ հետ զրույցում դժգոհած քաղաքացիները նկատում էին, որ հրապարակված տվյալները վերաբերում են իրենց անձնական կյանքին և դրանք պետք է հրապարակվեին բացառապես իրենց թույլտվությամբ:
ԿԸՀ պաշտոնյան ևս, ինչպես ինքն ասաց, նման մտահոգություններով նամակներ ստացել է, բայց ոչինչ անել չի կարող` Հայաստանի օրենսդրությունն է այդպիսին: Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ԿԸՀ համացանցային կայքի մշտական ու անբաժանելի մասն է:
«Ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե ինչ տվյալներ պետք է նշված լինեն ընտրողների ռեգիստրում, ընտրացուցակներում, և ըստ այդմ, ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի ու համայնքների: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության Պետական ռեգիստրում ընդգրկված ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների անուններ», -վկայակոչելով ՀՀ օրենսդրությունը ասաց Նունե Հովհաննիսյանը:
Նույն օրենսգրքով նշվում են այն տվյալները, որոնք պետք է պարտադիր լինեն ընտրողների ռեգիստրում` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն` մարզ համայնք: Իսկ համապետական ընտրությունների քվեարկությունից 40 օր առաջ ռեգիստրում տեղադրվում է նաև տեղամասի համարը:
Մեր հարցին, թե օրինակ, տան կամ բնակարանի հասցեների հրապարակումն արդյոք մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում չէ, գուցե մարդը չի ցանկանում, որ իմանան` որտեղ է ինքը բանկվում, իրավաբանը պատասխանեց, որ կա օրենսդրական պահանջ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է հետևել այդ նորմին:
«Դա հակասահմանադրական նորմ չէ ու Սահմանադրական դատարանում այդ նորմը չի վիճարկվել: Կարծում եմ` ճիշտ չէ այդպես մտածելը, որովհետև չի վիճարկվել հարցը: Դրա հետ մեկտեղ ունենք ռեգիստրի մասին օրենքը ու այդ տվյալները վերցվում են այնտեղից: Դա հակաօրինական գործառույթ չէ», -նկատեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետը:
Նա ասաց, որ այդ տվյալների հրապարակումը վտանգավոր չէ և նույնիսկ շատ է բարելավել ընտրական գործընթացը: Հովհաննիսյանի խոսքով, երբ 90-ականներին չկար պետռեգիստրի համակարգը, ընտրողների անունները ընտրացուցակներում չկային կամ կային` սխալներով, ինչի հետևանքով ընտրական գործընթացներում թերություններ էին առաջանում:
«Այսօր եվրոպական շատ երկրներում նման ռեգիստր կա, մարդիկ կարողանում են գտնել իրենց անունները նախապես իմանալ ու դիմել անճշտությունները վերացնելու համար: Մենք այսօր ունենք կատարյալ ցուցակներ», -եզրափակեց Նունե Հովհաննիսյանը: