Դա կլինի պարտադիր, թե կամավոր կախված կլինի կառավարության մոտեցումներից. Հ. Հակոբյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թ-ի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ նախագիծը պետք է ներկայացներ հենց կառավարությունը, քանի որ հեղինակն էլ ինքն է և տրամաբանական է, որ կառավարությունը պետք է օրենքի հոդվածներն այնպես փոխի, որ Սահմանադրությանը չհակասի:
Հարցին` դրանից հանրությունը օգուտ կունենա Հ. Հակոբյանն էլ արձագանքեց հարցով. «Ես չգիտեմ հանրության օգուտը որն է` այսօր փող տալը, վաղը փող ստանալը, թե այսօր փող չտալը, վաղն էլ փող չստանալը: Այդ հարցը մինչև հիմա ինձ համար մնաց հարցական»:
Դիտարկմանը, որ հանրությունն իր կարծիքն արտահայտել է բազմաթիվ բողոքի ակցիաներով, ինչպես նաև ՀՀ նախագահն է հայտարարել, որ հանրության 80 տոկոսը դեմ է այս բարեփոխմանը, ասել է թե` կարելի՞ է սպասել պարտադիր բաղադրիչի վերացման Հ.Հակոբյանն ասաց. «Սահմանադրական դատարանը նման որոշում չի կայացրել, որ պարտադիր կուտակայինը հակասում է Սահմանադրությանը, օրենքի որոշ դրույթներ հակասում են և դրանք պետք է փոխվեն` սա է: Երկրորդը` նախագահը հայտարարել է, որ 80 տոկոսը դեմ է օրենքին, այո, և այսօր գուցե արդեն 90 տոկոսն են դեմ, բայց սա չի փոխում պետական քաղաքականությունը վաղվա կենսաթոշակն ապահովելու իմաստով: Դա կլինի պարտադիր, կամավոր թե ինչպես չեմ կարող ասել, դա կախված կլինի նախագծի հեղինակի` կառավարության մոտեցումներից, բայց միևնույնն է Սահմանադրությունը պարտադրում է պետությանը բարձր կենսաթոշակ վճարել: Այստեղ մենք մի պարադոքսի մեջ ենք, որից չենք կարողանում դուրս գալ»:
Իսկ ճշտող հարցին, թե ինչ է պետք դուրս գալու համար ասաց. «Չգիտեմ … կամ պետությունը պետք է լսի ժողովրդին ու հրաժարվի իրեն վերապահված պարտավորությունից, որ ինքը պարտավոր է քաղաքացիներին ապահովել բարձր կեցություն ապահովող կենսաթոշակ, կամ պետք է շարունակի այդ քաղաքականությունը»:
Հ. Հակոբյանից հետաքրքրվեցինք` չի՞ փոխվել իր կարծիքը պարտադիրի հետ կապված, որն է ճիշտ համարում` պարտադիր բաղադրիչի մնալը, թե՞… «Ես համարում եմ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ճիշտ է, որ մենք, որպես պետություն, պարտավոր ենք մեր քաղաքացիների մասին մտածելու: Թե ինչպե՞ս` սա երկրորդ խնդիրն է»:
Նախորդիվ`
Կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել տույժերի հաշվարկը