«Հիշատակի ժառանգություն»՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին
Այսօր Հուշարձանների միջազգային օրն է, որն անցկացվում է «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո:
Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:
Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը: Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ, ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, 2014 թ. համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի (մեմորիալ) հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:
Օրվա առիթով մշակույթի նախարարությունը, համագործակցելով տարբեր շահագրգիռ կազմակերպությունների, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության վարչության հետ, ՀՀ մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում համատեղ կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի վերհիշել անցյալի դարակազմիկ դեպքերը, ինչպես նաև հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնել Հայաստանի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններին և տվյալ վայրի հետ կապված հիշողություններին:
Միջոցառումների մեկնարկը տրվել է դեռ մի քանի օր առաջ, իսկ այսօր կիրականացվեն հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, շնորհանդեսներ:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի թանգարանում բացվելու է «Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունը» վիրտուալ ցուցահանդես, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում՝ «Հայկական հետք» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը լուսանկարչական ցուցահանդես, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվելու են արխիվային և հազվագյուտ լուսանկարներ, թե ինչպիսին էին Պատմական Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները 20-րդ դարի սկզբին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվելու է «Պահպանություն հանուն ապագայի» խորագրի ներքո միջոցառում: Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկայացվելու է նաև Վենետիկի ճարտարապետության 14-րդ բիենալեի Հայաստանի «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը կրող ազգային տաղավարը (համադրող Ռ. Արևշատյան):
Ապրիլի 19-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կկազմակերպի «Գարունը Գառնիում» խորագիրը կրող շաբաթօրյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները