Չեմ վախենում նման քայլի կրկնությունից. Մանկատան տնօրեն
«Ամեն ինչ արդեն նորմալ է, երեխան այս պահի դրությամբ չի ուզում մանկատունը լքել և ապրել եղբոր հետ, քանի որ քաջ գիտակցում է, որ եղբայրը հնարավորություն չունի նրան խնամելու` ոչ տուն ունի, ոչ աշխատանք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ի պատասխան այն հարցի, թե ինչ շարունակություն ունեցավ մանկատունը ապրիլի 1-ին լքած Արևշատի պատմությունը:
Հիշեցնենք, երեխան հեռացել էր մանկատնից եղբոր մոտ և միայն երկու շաբաթ անց նրանց երկուսին հայտնաբերեցին Երևանի այգիներից մեկում:
Տնօրենը նշեց, որ նախօրեին 14-ամյա Արևշատի եղբոր հետ խոսել է, վերջինս տեղեկացրել է, որ արդեն աշխատանք գտել է, բայց միայն այն, որ եղբայրը տանիք չունի արդեն լուրջ խոչընդոտ է և ամեն ինչ դրանով ասված է:
Հարցին` մտավախություն չունի, որ Արևշատը մի օր կրկին փորձ կանի հեռանալ մանկատնից Ն.Նալբանդյանն ասաց, որ չի կարծում, թե այդ խնդրին կրկին կբախվեն. «Արևշատը խոստովանեց, որ չի հասկացել իր քայլի լրջությունը, երեխայական չարություն է գործել` չընկալելով այն ամենը, ինչ կա և ինչ հետևանք կարող է դա ունենալ: Բայց հիմա Արևշատը հանգիստ է, այնպես որ ես չեմ վախենում նման քայլի կրկնությունից»:
Եղբայրը Երևանում է ապրում և աշխատում, նրանց շփումը սահմանափակվում է հեռախոսային զրույցներով: Արևշատն արդեն ֆուտբոլի է գնում, ուզում է զբաղվել նաև նկարչությամբ, բաց չի թողնում դասերը:
«Մի խոսքով շատ հանգիստ ու հանդարտ է… դա շատ կարևոր է»,- հավելեց Ն.Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները