Հայերը ուժեղ ժողովուրդ են, իսկ ադրբեջանցի զինծառայողները բանակին պատրաստ չեն. «Գորշ գայլ» գումարտակի հրամանատար
«Վերջերս հերոսությունը վատ սովորույթի է վերածվել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Իրականում, նույնիսկ Մուբարիզ Իբրահիմովին հերոս չեմ համարում: Քանի որ նա խախտել էր կանոնադրությունը և զորամասը վտանգի տակ թողել»: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական «Oxu.az» կայքը, «Interpress.az»-ի հետ զրույցում ասել է Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Գորշ գայլ» գումարտակի հրամանատար Նուրեդդին Խոջան:
Անդրադառնալով հարցին, թե Իբադ Հուսեյնովը, ով իբր սպանել է Մոնթե Մելքոնյանին, պայքարում է ազգային հերոսի պատվավոր կոչում ստանալու համար՝ Նուրեդդին նշել է, որ «եթե պարտված բանակի կենդանի մարդը ազգային հերոսի կոչում է ուզում, կամ այդ մարդու գլխի հետ ինչ-որ բան այն չէ, կամ էլ նա անխիղճ է»:
Նրա խոսքերով՝ 20 տարի է, ինչ Հուսեյնովի եղբայրը իշխող պաշտոնի է, հարուստ է և ուզում է նրան ազգային հերոս դարձնել:
Նուրեդդին Խոջան նշում է, որ այսօր բոլորը, նույնիսկ պատերազմ չտեսածները, պատերազմից են խոսում: Պատմում են, թե 60 հազար պատերազմի վետերան կա. «Ես պատերազմում նույնիսկ 60 հազար մարդ չտեսա»:
Խոջան նաև խոստովանել է, որ պատերազմի ժամանակ հայ երեխաների են սպանել: Նրա խոսքերով՝ պատերազմում զինվորները չեն պարտվել, այլ ադրբեջանական բանակը, Ադրբեջանի քաղաքական վերնախավը և հրամանատարները:
Հարցին, որ «Չինգիզ Մուստաֆաևը նկարահանել էր մարտը, իսկ Չինգիզին ո՞վ էր նկարահանում», Խոջան պատասխանել է, որ այդքան կռվել է, բայց երբևէ նկարահանողների չի տեսել. «Զինվորը խրամատից չէր կարողանում դուրս գալ, օպերատոր որտեղի՞ց էին գտնում: Թե Չինգիզին ով էր նկարում, չգիտեմ: Գալիս էին` 5-6 երեխա հավաքում մի տեղ, մի քանի գնդակ կրակում օդ: Լավ էր, որ այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային: Թե չէ կորած էինք»:
Նա նշել է նաև, որ Կովսականի իրադարձությունների ժամանակ Իրանն օգնել է ադրբեջանցիներին:
Հարցին, թե արդյոք հայերը վախկոտ ժողովուրդ են, Խոջան նշել է. «Եթե հայերը վախկոտ են, ապա մե՞նք ինչ ենք»: Նրա խոսքերով՝ հայերը ուժեղ ժողովուրդ են: Պետք է ընդունել իրականությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի բանակում հաճախակի տեղի ունեցող ինքասպանության դեպքերին, նա նշել է, որ զինծառայողները ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես պատրաստ չեն, այդ պատճառով էլ չեն կարողանում դիմանալ: