Նախագահ Սերժ Սարգսյան. Հայ-թուրքական գործընթացի սառեցումը կանխատեսելի էր (Տեսանյութ)
«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել»,-պաշտպանության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ պատասխանելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
«Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:
Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:
Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:
Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:
Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: