Զորավար Անդրանիկի ձեռագրերի բնօրինակները կհանձնվեն Հայաստանի պատմության թանգարանին
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 22-ին տեղի կունենա հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Անդրանիկ Օզանյանը 1921 թվականին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: 1960-ական թթ. Հ. Պողոսյանը ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստանին փոխանցելու համար: 1988 թվականին` մահվանից երեք տարի առաջ, Հ. Կույումջյանը ձեռագրերը փոխանցել է որդուն` Հրաչ Կույումջյանը: Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Անգլիա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու շուրջ:
Առաքելությունը կիրականանա ՀՀ մշակույթի նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում