«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը` Սուրբ Հարության տոնին
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ նվիրված է Սուրբ Հարության տոնին:
Հյուսիսային պողոտայում տեղադրված սեղանիկները հարուստ են ու բազմազան. սիրիահայերը ցուցադրում են իրենց ձեռքի աշխատանքը` ուտեստներ, համեմունքներ, օճառ, զարդեր, զատկական թխվածքներ և այլն:
Սիրիահայ Շանթ Խայալյանը ցուցադրության է բերել իր պատրաստած օրգանական օճառները. «Բոլորի անունից շատ շնորհակալություն եմ հայտնում, որ նման անվճար հնարավորություն է տրվում մեզ, որ ներկայացնենք մեր ապրանքը: Այս ցուցահանդեսները մեզ օգնում են, որ կարողանանք մեր ապրանքի մասին ինֆորմացիա տալ մարդկանց: Եթե մարդիկ չգիտեն, ես չեմ կարող վաճառել, քանի որ մեծ գովազդներ անելու հնարավորություն էլ չունեմ: Այսպես մարդիկ գալիս են, հարցնում և պոտենցիալից դառնում են իրական հաճախորդ»:
Շանթ Խայալյանը նշեց, որ նախորդ ցուցահանդեսի և այս մեկի մեջ առաջընթաց ունեցել է, չի կարող ասել, թե մեծ քայլեր են եղել, բայց դրանք իրենց օգուտը տալիս են:
«Կամաց-կամաց, բայց առաջ գնում եմ: Կուզենամ, որ նման ցուցահանդեսներ հաճախ լինեն, մեր սիրիահայերը լավ աշխատանք են կատարում, լավ ապրանք ունեն»,- Panorama.am-ի թղթակցին ասաց սիրիահայը:
Սևանա Աբրահամյանի ամուսինն է սիրիահայ: Նրա այսօրվա սեղանին զատկական հավկիթներ են, բաժակներ, վերնաշապիկներ, գրիչ, որոնց վրա տպագրություն են արել:
«Առաջին անգամ եմ մասնակցում: Շատ լավ միջոցառում է, մարդիկ տեսնում են, ծանոթանում են: Սիրիահայերը շատ լավ ձեռքի աշխատանք ունեն, սա նպաստում է, որ կարողանանք վաճառել դրանք»,- ասաց նա:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շրջեց ցուցահանդեսով և գնումներ կատարեց:
«Շատ լավն է: Իրենք ստեղծագործ մարդիկ են: Այսօր Հայաստանի կենցաղային, սպասարկման, սննդի ոլորտներում հետաքրքիր մշակույթ են բերել: Մենք նախարարությունում ընդմիջմանն օգտվում ենք իրենց սննդից, այդպես էլ փորձելով օգնել իրենց: Սիրիահայերը շատ հավատացյալ են, իրենք միշտ եկեղեցի են հաճախում: Զատկին յուրօրինակ են պատրաստվում: Ունեն բաներ, որ հայաստանյան սեղաններին չկա, որոշեցինք կազմակերպել այս ցուցահանդեսը, իրենց օգուտ տալ, մեր սեղաններին էլ նորություն կլինի»,- ասաց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի տանը Զատկի սեղանին բացի իր պատրաստած փլավից ու ձվից, այս տարի նաև սիրիական ուտեստ կլինի, որը նախարարը գնեց սիրիահայ մի կնոջից.ց
Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է Սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ցուցահանդես-տոնավաճառից ֆոտոշարքը` այստեղ: