Հովիկ Աբրահամյանին պետք է աշխատելու հնարավորություն տալ և հետո նոր գնահատականներ տալ. Արամ Սարգսյան
«Երկրի վիճակը փոխելու համար նոր ձևավորվելիք կառավարությունը, եթե ուզում է փոփոխություն մտցնի, ապա առաջին հերթին պետք է հաշվետվությամբ հանդես գա, և ներկայացնի թե ի՞նչ է արել նախորդ Կառավարությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ է արել Կառավարությունն այն 2.8 մլրդ դոլարը, որը պարտք է վերցրել, երկրորդ` ի՞նչ քաղաքական կուրս է վարել, որը մեզ չի բերել հաջողության և այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակը փոխվի»,- նշեց նա:
Նրա խոսքերով` եթե քաղաքական կուրսը չի փոխվելու, այդ դեպքում հասկանալի է, որ որևէ էական փոփոխություն պետք չէ սպասել:
Մինչդեռ, ըստ Ա.Սարգսյանի, այսօր Կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այն, որ երկրում պահի երիտասարդներին. երիտասարդները պետք է հույսով լցվեն, որ այս երկրում հեռանակար ունեն, նրանց համար պետք է նորմալ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծվեն:
«Եթե այս խնդիրը չլուծվի, մենք միանշանակ այդ ֆրոնտում տանուլ ենք տալու, քանի որ Ալիևը առավոտը արթնանում է, գիշերը քնում` երազելով, թե երբ է իրականացնելու այն ավանտյուրան, որն արդեն իսկ նախապատրաստել էր վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Ուրեմն մեր Կառավարության այսօրվա գլխավոր խնդիրն է պահպանել ներքին կայունությունը: Դրա համար պետք են ձեռնարկություններ, պետք է խթանել փոքր և միջին բիզնեսը զարգացումը: Սա թիվ մեկ խնդիրն է»,- ասաց Ա.Սարգսյանը:
Ըստ նրա, քաղաքական տեսանկյունից՝ այն թիմը, որը պետք է ձևավորվի Հովիկ Աբրահամյանի շուրջ, պետք է ամեն ինչ անի՝ ժողովրդին դուր գալու համար՝ հեռանկարում ունենալով 2018 թվականը:
«Եթե այսպես շարունակենք, վերելք ապրելու ուղղությամբ հեղափոխական շարժ չենք ունենա: Ուստի երկրորդ խնդիրը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ՀՀԿ-ից երես թեքեցին: Եւ որքան էլ ՀՀԿ-ն փորձի այս պահին որոշումներ կայացնել, դրանք չեն ընդունվելու հասարակության կողմից: Ճիշտ կլինի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը նաև այն պատճառով, որ երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կուրսն է փոխվել»,- ընդգծեց Ա.Սարգսյանը:
Անդրադառնալով «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիային վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթին, Ա.Սարգսյանն ասաց` շատ լավ է, որ վարչապետը փորձում է ժողովրդին դուր գալ, բայց հարցն այն է, նա կկարողանա՞ այդ «լծի տակից դուրս գալ»:
Կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների համար վերցրել է 128 մլն դոլար, ՀԲ-ն , ԱՄՀ-ն շահագրգռված են, որպեսզի այս ռեֆորմն այստեղ իրականացվի: Ինչո՞ւ...Սա խոսում է նրա մասին, որ իշխանությունները բացարձակ պարտադրանքի տակ են աշխատում: Ոչ մի տրամաբանություն չկա այս կուտակայինի մեջ»,-նշեց նա:
Այդուհանդերձ, Ս.Սարգսյանը նկատեց, որ Հ. Աբրահամյանին պետք է աշխատելու հնարավորություն տալ՝ տեսնելու համար, թե ի՞նչ ծրագրեր է իրականացնում և ինչպես, հետո նոր գնահատականներ տալ:
Ինչ վերաբերում է չորս քաղաքական ուժերի գործունեությանը, Ա. Սարգսյանը նշեց, որ թեև, իրենք նույն ընդդիմադիր դաշտում են, բայց տարբեր պատկերացումներ ունեն քաղաքական կուրսի վերաբերյալ: Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ չորս ընդդիմադիր ուժերը նպատակ ունեին Տիգրան Սարգսյանին փոխարինել Հովիկ Աբրահամյանով:
«Այս քաղաքական ինտրիգներով իրավիճակն իմ սրտով չէ: Սա քաղաքական պայքարի իմիտացիա է, այն մարդիկ ովքեր ստեղծել են այս համակարգը, ովքեր այդ համակարգում գործել են, ինչո՞ւ պետք է ցանկանան այն փոխել, իսկ այդ չորս ուժերից առնվազն երեքը մասնակից են եղել այդ համակարգում»,- ասաց Ա.Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «քառյակը» մի օր կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա նշեց, թե իր կարծիքով, այս պահին ՀՀ նախագահի հրաժարականը պահանջելու կարիքը դեռևս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան