Հայ և օտարազգի մասնագետները քննարկելու են երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանն առնչվող հարցեր
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր և վաղն անցկացվելու է միջազգային գիտաժողով՝ «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով: Գիտաժողովում զեկույցներով հանդես են գալու առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ՌԴ-ից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին թանգարան-ինստիտուտից:
Զեկուցողները երկօրյա գիտաժողովի ընթացքում անդրադառնալու են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսերությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը, երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը, պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին:
Նախքան գիտաժողովի մեկնարկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվելու է «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության: Ցուցադրությունը կներառի տարբեր խորագրեր` «Պատերազմ և ջիհադ», «Միապետներ և քարոզչություն», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը և քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը պատերազմի քարոզչական բացիկներում և ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. պատերազմ և մարդասիրական օգնություն» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում