Աղանդների դեմ պայքարը` ժողովրդական մշակույթի միջոցով
Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին կարծում է, որ 88 թվականից հետո հայ ազգը զարթոնք է ապրում, և այդ զարթոնքը պիտի պտուղներ տա:
«Շատ բաներ կան, որ վերականգնել ենք, ուղղակի պետք է նաև դպրոցներում ուսուցանվի, մատուցվի երեխաներին: Մշակույթը վերականգնվում է, բայց վերականգնումը պետք է հատուկ մասնագետներ անեն: Հիմա կան ազգեր, որոնք կրկնում են այն, ինչ եղել է իրենց պատմության և մշակույթի մեջ: Կրկնում են, որպեսզի չմոռանան, որպեսզի իրենց երեխաները ճանաչեն մշակույթը: Կրկնությունն ամենակարևորն է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նկարչուհին:
Ըստ Լուսիկ Ագուլեցու, կարևոր է հատկապես մարդու ընկալումը և ներքին թելադրանքը. «Եթե ներքինը, ցանկությունը չկա, ոչինչ չենք կարող անել: Մշակութային արժեքների հանդեպ սերն է կարևոր, եթե դա կա, կվերականգնվի մշակույթը: Իմ թանգարանում ամեն օր գալիս են մարդիկ, ովքեր սիրում են մշակույթը, ցանկանում են մի բան սովորել: Այդ ամենն անհատից է կախված»:
Ազգագրագետն անդրադարձավ նաև եկեղեցուն ու աղանդների խնդրին և նշեց, որ մուտքը դեպի եկեղեցի տալիս է իր պտուղները:
«Եթե երիտասարդը գնում է եկեղեցի, իր հոգևոր աշխարհը հարստանում է: Եթե հոգևոր աշխարհը հարստացավ, կմոտենա իր մշակույթին: Ժողովրդական մշակույթն իմանալով կարող ենք պայքարել աղանդների դեմ: Որովհետև սա մերն է, եթե մարդն անգրագետ չլինի, չի շեղվի: Ամենակարևորը ժողովրդի մշակույթի իմացությունն է»:
Դպրոցներում ազգային մշակույթն ուսուցանելու մոտեցումը, ըստ ազգագրագետ-նկարչուհու, չկա կամ շատ թույլ է: Նա կարծում է, որ այդ հարցում պետք է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել, քանի որ հասարակության կողմից հետաքրքրությունն առկա է:
«Մեր ժողովրդական մշակույթի չիմացությունն է բերում խնդիրների»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև`
«Հայի ինքնության պահպանման ամենամեծ գրավականը լեզվի մեջ է»
Ավանդական արժեքները` վերնիսաժացված. «Այն մշակույթը, որ այսօր սպառվում է մեզ մոտ, բերվում է դրսից»
«Երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ»