Հայաստանի ԱԳ նախարարն ու Բելառուսի նախագահն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցությանը
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով եղել է Մինսկում: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Այսօր Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայից, ինչպես նաև ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:
Բելառուսի նախագահը, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը, նշել է, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:
Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռքբերվածի վրա և զարգացնել հաջողությունները:
«Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել»,-ասել է Բելառուսի նախագահը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույնները և նշել, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցելությունը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների աշխատանքներին՝ ընգծելով այդ ձևաչափերով փոխգործակցության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքներն՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը` նախարար Նալբանդյանն ասել է, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:
Նախագահ Լուկաշնեկոն խնդրել է իր ջերմ ողջյունները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: