Ադրբեջանագետ. Եթե դու բանակցում ես, բայց կրակ ես բացում, դա չի կարող արդյունք տալ
Աշխարհը բաժանվում է երկու բևեռների, Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվում են երկու տարբեր բևեռներում: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումն անհանգստացնում է Ադրբեջանին, կարծում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Ադրբեջանն անհանգստացած է նաև Ղրիմի իրադարձություններով:
«Այսօր աշխարհի քարտեզի փոփոխություն է տեղի ունենում, Ադրբեջանն անհանգստացած է, քանի որ այս ամենը չի կարող շրջանցել իրեն: Ղրիմի անջատումը փաստորեն նրանց տեսանկյունից ևս կարող է նախադեպ հանդիսանալ ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայության համար տարածքայի ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Բացի Արցախից, սա կարող է շղթայական ռեակցիա ունենալ, Ադրբեջանի էթնիկ տարրերով բնակեցված շրջանները ևս կարող են անջատվելու ցանկություն դրսևորել»,- կարծիք հայտնեց փորձագետը:
Անդրադառնալով սահմանային կրակոցներին ու լարվածությանը, Սարգիս Ասատրյանը նշեց, որ դա հատկապես սրվում է այցելությունների ժամանակ. «Դիտորդների առաքելությունը չի բերում իր արդյունքը: Նրանց այցերի ընթացքում սահմանին լարվածությունը թուլանալու փոխարեն աճում է, կրակոցներն ավելանում են: Այս գործողություններին միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքում: Նրանց լռությունը մեզ լրջորեն անհանգստացնում է»:
Սարգիս Ասատրյանը չի բացառում, որ նախագահների մակարդակով հանդիպում կլինի: Սակայն, ըստ նրա, այլ հարց է, թե դա ինչ կարող է տալ:
«Պրատակոլայի՞ն բնույթ է կրում, թե՞ ուղղված է բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելուն: Եթե դու բանակցում ես, բայց կրակ ես բացում այդ երկրի ուղղությամբ, դա չի կարող արդյունք տալ»,- նշեց փորձագետը:
Հայաստանի քարոզչությունն ու արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվ լինի, ընդգծեց Սարգիս Ասատրյանն ու հավելեց, որ Ադրբեջանն ունի հակահայկական նպատակներ և բոլոր ռեսուրսները դնում է դրա մեջ. «Իսկ մենք նպատակ չենք դնում ատելություն քարոզելու, դա ճիշտ է: Այդ քաղաքականությունը լարվածություն է ծնում, որը ինչ-որ մի տեղից ժայթքելու է»:
Կարդացեք նաև՝
Խաղողի այգիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Գյուղացիները նորից աշխատում են»
ՊՆ. Հակառակորդի գործողությունները կասեցվել են
Սահմանամերձ գյուղերում կրակոցների վնասներն են հաշվում. «Գազի խողովակն է պայթել, գազն անջատված է»