Հայ-թուրքական գործընթացում հստակություն կմտցվի
Ներքաղական զարգացումները, կադրային փոխատեղումներն ու նոր ձևավորվելիք կառավարության շուրջ ստեղծված իրավիճակը ստվերում թողեցին Հանրապետության նախագահի` պաշտպանության նախարարություն կատարած այցը:
Դեռ նախորդ տարվանից, Սերժ Սարգսյանի կողմից սկիզբ դրվեց պետական գերատեսչություններ կատարելիք այցերին, որոնք հատկապես հետաքրքիր են նրանով, որ այդ այցերի շրջանակներում, որպես կանոն, հասարակական-քաղաքական առումով կարևորություն ներկայացվող հարցերի վերաբերյալ նախագահը մեկնաբանություններ է հնչեցնում:
Թերևս, այս առումով, բացառություն չէր նախագահի` ՊՆ կատարած այցը, որի ժամանակ նախագահն անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին՝ հակիրճ ամփոփելով 2009-ից ի վեր, սկիզբ առած գործընթացը, դրա` փակուղի մտնելու պատճառները:
«Եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել»,- նշել էր նախագահը` հավելելով, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր:
Ինչպես նախագահի, այնպես էլ, մեկ օր անց, վերջինիս մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի` արձանագրությունների վերաբերյալ տարածած մեկնաբանությունները հուշում են, որ այնուամենայնիվ, գործընթացում հստակություն է մտցվելու:
«Մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»,- նշել էր Արման Սաղաթելյանը:
Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ նախագահը նաև նշեց, թե` «պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում»:
Նախագահի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ անկախությունից ի վեր, հայ-թուրքական գործընթացի չկարգավոված լինելու հետևանքով, ոչ միայն Թուրքիան, այլ նաև Հայաստանը, ինչ-որ առումով, ճնշումների են ենթարկվել: 2009-ին սկիզբ առած գործընթացը յուրօրինակ ինդիկատոր էր` ի ցույց դնելու կողմերի իրական ցանկությունները չհասկացվածությունը հաղթահարելու ու երկու երկրների միջև առկա խնդիրները վերջնական կարգավորելու հարցում:
Գործընթացից 5 տարի անց, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, սահմանները փակ, ավելին` գործընթացում ոչ մի նկատելի շարժ չկա: Առաջիկա տարին Հայաստանի ու Սփյուռքի` ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում գործադրվող ջանքերի առումով կարևոր հանգրվան է ու այս առումով Հայաստանը պետք է պաշտոնապես ամրագրի ոչ միայն իր անելիքները ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլ հստակեցնի իր դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների հեռանկարի վերաբերյալ:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան