«Եթե կա աշխատանք` չկա արտագաղթ և կա վստահություն». Վազգեն Սաֆարյանը` կառավարության անելիքների մասին
Նախարարների ընտրության հարցում առաջին հերթին պետք է հաշվի առնել նրանց գործնական հատկանիշները, որպեսզի կարողանան իրենց ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր ներկայացնել և հետամուտ լինեն այդ ծրագրերի իրականացմանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Բացի այդ, ըստ նրա, յուրաքանչյուր նախարար պետք է վճռականություն ցուցաբերի` իր ղեկավարած ոլորտում արմատական փոփոխություններ մտցնելու համար: Խոսքը վերաբերում է տնտեսական ոլորտի` էկոնոմիկայի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարներին:
«Այս ոլորտներում պետք է լուրջ քաղաքականություն իրականացնել, որպեսզի տնտեսությունը ոտքի կանգնացնելու համար բավարար հիմքեր ստեղծվեն»,- նշեց Վ.Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է կառավարության հետագա քայլերին, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է պահպանել այն դրական ձեռքբերումները, որոնք գրանցվել են նախորդ կառավարության օրոք: Խոսքը վերաբերում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկի` արդյունաբերության զարգացման հեռանկարներին միտված քաղաքականությանը, արտահանման խթանման քաղաքականությանը, արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացմանը:
Կառավարությունը, ըստ Վ.Սաֆարյանի, առաջին հերթին պետք է լուրջ քայլեր ձեռնարկի գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, պետք է վերանայել հողի հարկի, ջրի վարձավճարների չափը, իսկ գյուղացուն աջակցելու համար պետք է խթանել վերամշակող արդյունաբերության զարգացումը:
Հաջորդ ուղղությունը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի արտոնությունների ընդլայնմանը, շրջանառության հարկի իջեցմանը, որոնք ևս, ըստ նրա, կխթանեն տնտեսության զարգացմանը:
Ինչ վերաբերում է սոցիալական լարվածությանը, ապա Վ.Սաֆարյանը գտնում է, որ եթե կառավարությունը նախանշված ուղղություններով քայլեր ձեռնարկի, ապա այդ լարվածությունը կմեղմանա: Օրինակ, ըստ նրա, առաջին հերթին պետք է գործարկել «Նաիրիտ» գործարանը, որպեսզի 4 տարի ձգվող այս քաշքշուկն արագ լուծում ստանա:
«Ինվեստորների առջև պետք է հարց բարձրացվի` եթե ներդրումներ չեն կատարում, ապա գտնում են այլ ներդրողների, իսկ դա կարող է լինել Ղազախստանը, Չինաստանը, քանի որ կաուչուկը այդ երկրներին պետք է: Եթե արագ գործարկենք «Նաիրիտը», որտեղ 3500 մարդ կարող է աշխատել, եթե Վանաձորի քիմպրոմը գործարկենք, եթե Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կառուցենք, ապա դրանք կապահովեն նոր աշխատատեղեր: Իսկ եթե կա աշխատանք` չկա արտագաղթ և կա վստահություն»,- Վ.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները