Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիս. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի ոճիրը
Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիս (ABDEM) ՀԿ-ի անդամներն ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցելու 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ են դնելու Երևանի Ծիծեռնակաերդի հուշահամալիրում:
ԵԽԴՄ-ը դեմ է Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը և Եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ կներկայացնի իր պահանջը Թուրքիայի Հանրապետության կառավարությանը` ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը և կրել Եղեռնի հետևանքների պատասխանատվությունը:
Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիսի նախագահ, ազգությամբ քուրդ Ռոժդա Յուլդիրիմն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքը սկսեց հայերենով.
«Բարև Ձեզ»:
Նա նշեց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում. «Այստեղ ենք Հայոց ցեղասպանության համար, հայ ժողովրդին զորակցելու համար: Պիտի մասնակցենք հիշատակի արարողությանը: Մենք դատապարտում ենք այս ոճիրը և խաղաղություն ենք ուզում: Մեր խումբը տարբեր ազգություններից է բաղկացած, մենք ցանկանում ենք, որ Ցեղասպանությունն ամեն տեղ ճանաչվի: Հայ ժողովրդի հետ միասին պետք է պայքար տանենք: Մենք ուզում ենք պաշտպանել հայոց իրավունքները: Ուզում ենք, որ Թուրքիա պետությունն առերեսվի իր պատմության հետ և ճանաչի իր արածները: Եթե սա չլինի, Թուրքիայում ժողովրդավարություն չի լինի: Թուրքիայի ժողովուրդը պետք է այս ոճիրի հետ առերեսվի, ինչից հետո նոր ժողովուրդների միջև կարող են հարաբերություններ սկսվել»:
Նրա բնորոշմամբ, անպայման պետք է Թուրքիա պետությունն ու Թուրքիայի ժողովուրդն ընդունեն իրենց նախնիների ոճիրը:
«Եթե հայերն ուզում են ապրել իրենց բուն հողերի մեջ, մենք էլ, լինելով քրդեր, ուզում ենք նրանց հետ ապրել: Հիմա պատմական Հայաստանի մեջ մեծամասնությամբ քրդեր են ապրում, մենք ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, ցանկանում ենք ապրել այդ հողում հայերի հետ»,- ասաց կազմակերպության ղեկավարը:
Այս այցը կազմակերպության առաջին գործերից մեկն է: Ռոժդա Յուլդիրիմի խոսքով, իրենք էլ են տեսել այդ ջարդերը, դրա համար էլ հիմա Եվրոպայում են ապրում:
Կազմակերպության անդամ Ալիէքբաֆ Փեկթաշն ազգությամբ թուրք ալևի է և ներկայացնում է Եվրոպայի ալևիների շարժումը: Նա նույնպես ուրախ է, որ Հայաստանում է. «Մենք դեմ ենք այս Ցեղասպանությանը, մենք ճանաչում ենք այդ ոճիրն ու ջարդերը: Եվրոպայի ալևիների կազմակերպության ձայնն ենք եկել բերելու: Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի հայերից, հայերն ինչ-որ ուզում են, մենք էլ մասնակցում ենք այդ պահանջին»:
Նշենք, որ Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիս (ABDEM) հասարակական կազմակերպությունը բաղկացած է Թուրքիայից արտագաղթած ազգային, կրոնական փոքրամասնություններից, այն հիմնադրվել է 2013-ին, Բրյուսելում: Այժմ գործում է Գերմանիայում, բայց տարբեր երկրներում 57 խմբեր և 1 մլնից ավելի անդամներ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները