Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը «ցավ պատճառող» է որակել Հայկական հարցը
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլը «ցավ պատճառող» է որակել Հայկական հարցը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը՝ հղում անելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականին:
Աքիլը նշել է, թե պատրաստ է Ֆրանսիայում բնակվող հայերի հետ սկսել «անկողմնակալ երկխոսություն»՝ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
«Իրար այսքան նման երկու ազգ պետք է վերջապես հաշտության գան: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ», - նշել է նորանշանակ դեսպանը:
Աքիլը նշել է, թե Հայկական հարցի նկատմամբ պետք է ցուցաբերել ընդհանրացված մոտեցում, այլ ոչ թե քննարկել այն միայն Ֆրանսիայի շրջանակներում: Հաքի Աքիլի խոսքերի համաձայն, Հայոց ցեղասպանության հարցը պետք է մոտակա ժամանակներում քննարկվի միջազգային դատարաններում:
«Հիմա ընկերության և խաղաղության ժամանակն է: Տեսնելով, որ երկու ժողովուրդներ ավելի քան 10 դար միասին են ապրել, նույն երաժշտությունը լսել, միևնույն մշակույթն ունեցել, միևնույն ուտելիքը կերել, տարանջատվել են ատելի հայտարարությունների պատճառով»,-նշել է վերջինս:
Հաքի Աքիլը նաև նշել է, որ իր երկրորդ կնոջ պապիկը հայ կնոջ հետ է ամուսնացած եղել:
Դեսպան Աքիլը հարցազրույցում նշել է նաև, թե հատուկ չի պատրաստվում 2015 թվականի կապակցությամբ:
«Լինի դա 2014 թվականը, թե՝ 2016-ը, առաջարկում եմ նույն քաղաքականությունը՝ իրավական և պատմական բանավեճերը թողնել իրավաբաններին: Մեր առաքելությունն ատելության խոսքի վերացումն է», -նշել է վերջինս: