Մանրամասներ Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների հանդիպումից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:
Ըստ աղբյուրի, Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով:
Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահագրգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:
Նախորդող հրապարակում`
Մենք քննարկելու բան չունենք. ՀԱԿ-ը չի մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները