Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ:
Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը, հայտնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» լրատվության բաժնից:
Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:
Հավատարմագրումը նշանակում է, որ բուհը թույլատրելի նվազագույնից բարձր որակ է ապահովում: Այս դեպքում բուհը հավատարմագրվում է 6 տարով և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել: Հավատարմագրված բուհերը, ըստ միջազգային պրակտիկայի, ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց` աուդիտ` հասկանալու` արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:
Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն: Եթե խնդիրները շատ են և լուրջ, բուհին հատկացվում է երկու տարի դրանք շտկելու համար: Իսկ ոչ հրատապ լուծում պահանջող խնդիրների դեպքում բուհը պայմանական հավատարմագրում է ստանում չորս տարով: Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:
Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար: Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա