Արզու Գեյբուլաևա. Ադրբեջանում «Մայդան» տեղի չի ունենա, քանի որ ժողովուրդը վախենում է իշխանություններից
Չնայած Ադրբեջանը և Ուկրաինան շատ նմանություններ ունեն, իրադարձությունների ուկրաինական սցենարը հազիվ թե կրկնվի Ադրբեջանում, գրում է Արզու Գեյբուլաևան` Արտաքին քաղաքականության հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կայքում (FPRI) տպագրված իր հոդվածում:
Ըստ հեղինակի` վերը նշվածը մի քանի պատճառ ունի, որոնցից կարևորագույն դեր է խաղում վախը:
«Վախը այնքան արմատացած է մարդկանց գիտակցության մեջ, որ շատ քչերը Բաքվում դուրս կգան հրապարակ, էլ չենք խոսում այն գրավելու և այնտեղ վրաններ տեղադրելու մասին: Մարդիկ ոչ միայն իրենց համար են վախենում, այլ իրենց ընտանիքի անդամների: Նրանք ոստիկանության դաժանությունից են վախենում, քանի որ բազմիցս ականատես են եղել դրան, երբ փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել: Վախը ավտորիտար իշխանությանը դեմ դուրս գալու ցանկությունից ուժեղ է: Համենայն դեպս մինչ այսօր այդպես է եղել»,- նշում է Գեյբուլաևան:
Ըստ հոդվածի`կա ևս մեկ կարևոր գործոն. դա ընդդիմության թուլությունն է: 2003թ.-ից սկսած քիչ չեն եղել խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձերը, որից հետո իշխանությունները հանրահավաքների անցկացման հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխություններ են իրականացրել: Արդյունքում հանրահավաքները ցրվում են ոստիկանության կողմից, մասնակիցները` տուգանվում, իսկ վարչական կալանքի առավելագույն ժամկետը 15-ից երկարաձգվել է մինչև 60 օր:
Գեյբուլաևան ընդգծում է, որ չնայած ադրբեջանցիները նույնքան դժգոհ են իշխանություններից, ինչպես Թուրքիայում, Ուկրաինայում, Վենեսուելայում, նրանց մեջ միասնություն չկա: Ադրբեջանում վախը կրթական կառույցների և աշխատավայրերի միջոցով վարպետորեն տարածվում է, և մարդիկ մշտապես հիշում են, թե ինչ է իրենց սպասվում իշխանություններին դիմադրելու դեպքում:
«Ադրբեջանում ընտրությունների պարբերաբար կեղծումը զանգվածային ապստամբության բավարար խթան չէ, քանի որ վախը շարունակում է իշխել»,-նշում է հեղինակը` հավելելով, որ Ադրբեջանում 10 մարդուց ավել չի հավաքվի հրապարակը «գրավելու» համար: Ոստիկանությունը անմիջապես կցրի ցուցարարներին, և վերջիններս լավագույն դեպքում վարչական կալանքի կենթարկվեն: Վատագույն դեպքում նրանց կմեղադրեն թմրանյութերի պահպանման կամ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և կդատապարտեն մինչև յոթ տարի ազատազրկման:
«Սա մի երկիր է, որտեղ ակտիվիստներին հետապնդում են նույնիսկ «Facebook»-ի միջոցով բողոքի ակցիա կազմակերպելու պատճառով»,- գրում է հեղինակը:
«Իհարկե, բողոքի դեպքեր եղել են. մինչ ուկրաինացիները այրում էին ավտոմեքենաների անիվները և շենքերը, Ադրբեջանում մարդիկ իրենք իրենց էին այրում: 2013թ.-ի դեկտեմբերից ի վեր ինքնահրկիզման ինը դեպք է գրանցվել երկրում»,- ասվում է հոդվածում:
Անցած տարի զանգվածային բողոքի ակցիաներ տեղի են ունեցել ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի շրջաններում, մասնավորապես Իսմաիլիում, սակայն նրանցից և ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել, եզրափակում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում