Ֆրանսուա Օլանդը Փարիզում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է «Armenia Now» պարբերականը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Փարիզում` Կոմիտասի հուշարձանի մոտ, ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հաստատել է այս տեղեկատվությունը:
Սա 2012-ին նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր առաջին անգամն է, որ Օլանդը ներկա է գտնվելու Ապրիլի 24-ի հիշատակի արարողությանը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնել երկրի իշխանություններին 1,5 մլն զոհերի հիշատակը հարգելու համար:
«Ֆրանսուա Օլանդի ներկայությունը հաստատում է պետության ղեկավարի հարգանքը իր պարտավորություններին, հաստատում է հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին և հարգանքը ցեղասպանության զոհերի նկատմամբ», -նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ: