Տեսակետներ. Համարժեք քայլեր` վտանգների չեզոքացման հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «Թուրքիան ամեն ինչ անում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար»:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմական պայմանագրերը թույլ են տալիս, որպեսզի ռազմական գործողությունների դեպքում այս երկու երկրները միմյանց աջակցեն:
«Պարտադիր չէ, որ Թուրքիան պաշտոնապես պատերազմ հայտարարի Հայաստանին, այսօր էլ նկատելի է, որ այդ երկիրն ամեն կերպ հաստատվում է Նախիջևանում ու ակտիվանցնում իր ներգրավվածությունը Ադրբեջանի և քաղաքական, և տնտեսական և թե ռազմական ոլորտներում:
Ռազմական փորձագետը նշեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանում, իսկ նրանց կողմից ստեղծվող վտանգների չեզոքացման հարցում պետք է համարժեք քայլեր իրականացվեն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին մատուցվող քաղաքական օժանդակությանը, ապա Գ. Կարապետյանը հավելեց, որ այդ աջակցությունն ակնհայտ է և դրսևորվում է բոլոր միջազգային կառույցներում:
Ա. Դավութօղլուն նաև նշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում, մի կողմից` հայ-թուրքական, մյուս կողմից` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, թե Թուրքիան իսկապես փորձում է ամեն ինչ անել ԼՂ հիմնախնդրի կարգավորման, սակայն հասկանալի է, որ խնդրի լուծման այնպիսի ելքով, ինչը ձեռնտու է Ադրբեջանին:
Նրա խոսքերով, իրավիճակը պարզ է նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանի որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ հայերը վերջ դնեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Սրանից զատ, պատգամավորը նշեց, որ Թուրքիան ԼՂ հիմնախնդրի ու հայ-թուրքական գործընթացի հիմքում նախապայմաններ է առաջ քաշում, ինչն անթույլատրելի է ու անընդունելի:
«Ընդ որում` այդ նախապայմաններն անընդունելի են նաև միջազգային հանրության համար: Միակ պետությունը, որը սատարում է Թուրքիայի որդեգրած քաղաքականությանը` Ադրբեջանն է: Սակայն առկա իրողությունների պայմաններում Թուրքիայի մեկուսացումն ակնհայտ է»,- հավելեց նա: