Կ.Մանոյան. Ճիշտ չի լինի, որ Հայաստանը թևակոխի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ այդ արձանագրություններով
«Եւ Թուրքիայում, և հայ իրականությունում կա ակնկալիք, թե ինչ է տեղի ունենալու ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ` արդյո՞ք երկրները ցեղասպանությունը ճանաչելու են, Թուրքիան է ճանաչելու և ինչ կլինի հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Գործչի խոսքով` Ցեղասպանության ժխտման քաղաքականության զոհն է հենց Թուրքիայի հասարակությունը, քանի որ զրկվել է իր պատմությանը տեղեկանալու հնարավորությունից և այդ հարցում հայ հասարակությունը կարող է օգնել` կապ հաստատելով թուրք հասարակության հետ: Բացի այս, միաժամանակ, նշեց նա, անհրաժեշտ է շարունակել Ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցերի բարձրաձայնումը ու հատկապես փոխհատուցման խնդիրը բարձրաձայնել:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի ապրիլի 24-ին Հայաստանի համար կարևոր փոփոխություն պարունակող հայտարարություն է հնչելու ԱՄՆ իշխանությունների մակարդակով, Կիրո Մանոյանը ասաց, որ դրա մեջ վտանգ է տեսնում:
«Ես վստահ չեմ, որ դեսպանի հայտարարությունը դրական է, քանի որ եթե իսկապես ինչ-որ փոփոխություն պետք է լինի, ապա ժամանակից շուտ դրա մասին հայտարարելը սխալ է` Թուրքիայի կողմից կանխելու քայլեր կարող են ձեռնարկվել: Մեզ համար ուժեղ կլինի այն հայտարարությունը, որ ԱՄՆ իշխանությունները ասեն, որ եղել է ցեղասպանություն, պետության կողմից ծրագրված ցեղասպանություն»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա նա հերթական անգամ պնդեց, որ պետք է այս տարի ձերբազատվենք դրանցից, որոնվհետև դրանք վնասում են Հայաստանին` Թուրքիան ցույց է տալիս աշխարհին, թե արձանագրությունները նշանակում են, որ ինչ-որ գործընթաց կա մեր երկրների միջև: Բայց անհրաժեշտ է այդ լծակը հետ վերցնել Թուրքիայից:
«Հայաստանը պետք է ստորագրությունը հետ վերցնի, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, որը դրսևորվեց բոլորովին վերջերս Քեսաբում»,- շեշտեց նա` հավելելով, որ ճիշտ չի լինի, որ Հայաստանը թևակոխի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ այդ արձանագրություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան