ՄԱԿ-ը քննադատել է Սիրիայի` նախագահական ընտրություններ անցկացնելու հայտարարությունը
Սիրիայում հունիսի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունները չեն ողջունել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆանե Դուջարիքը ասել է, որ այս պայմաններում ընտրություններ անցկացնելը վնասելու է քաղաքական գործընթացը և խոչընդոտելու է քաղաքական լուծման հեռանկարները, որոնց խիստ կարիքն ունի երկիրը:
«Այս ընտրությունները համատեղելի չեն Ժնևի կոմյունիկեի ուղերձի և ոգու հետ»,-ասել է Դուջարիքը` հիշեցնելով, որ Ժնևի կոմյունիկեն նախատեսում է անցումային կառավարման մարմնի ստեղծում և դրանից բխող ազատ ու արդար ընտրություններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) խոսնակ Ջիհադ Լահամը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 3-ին: Նախագահի թեկնածուները կարող են 2014 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը իրենց հայտերը ներկայացնեն Սահմանադրական դատարան:
Սիրիայի խորհրդարանը մարտին ընդունել էր օրենք, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ էր տալիս ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուի: Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարում Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է 250 պատգամավորներից գոնե 35-ի աջակցությունը: