Պայքարի մեջ գտնվող ուժերից որևէ մեկը չի հավատում Սիրիական պետականության գոյատևմանը. Վիգեն Չեթերյան
Սիրիայի իշխանական ուժերը զարգացնում են այն տեսակետը, որ հետադիմական ուժերի հարձակումները կատարվում են իշխանության՝ հակաարևմտյան, հակաիսրայելական լինելու պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը:
Ըստ վերլուծաբանի` Բաշար ալ Ասադի հոր կառավարման ժամանակ Սիրիան դարձավ կայուն պետություն և սկսեց միջամտել տարածաշրջանային հարցերին, սակայն Սիրիան որպես պետականություն այժմ քանդված է, և պայքարի մեջ գտնվող ուժերից որևէ մեկը չի հավատում Սիրիական պետականության գոյատևմանը:
Անդրադառնալով Քեսաբի դեպքերին Վիգեն Չեթերյանը տեսակետ հայտնեց, որ ինֆորմացիոն արշավը խիստ անգրագետ իրականացվեց. «Սիրիայում հայկական թաղերին կից առկա են ապստամբ թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում, հայկական կողմի սխալ քաղաքականությունը կարող է այդ թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել»:
Նա նաև ավելացրեց, որ սա առաջին հարվածը չէ հայկական համայնքներին, հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի օժանդակել և ընդունել իր համայնքներին:
Խոսելով 1915-ի դեպքերից, բանախոսը նշեց, որ 2015-ը շատ լավ առիթ է մեր խոսքը տեղ հասցնելու համար, սակայն պետք է հասկանալ՝ ո՞րն է այդ խոսքը և կարողանալ ցավը դարձնել համամարդկային: