«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված են ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի ձերբակալությամբ
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (Committee to Protect Journalists, CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Այն տեղադրված է կազմակերպության կայքում:
Նշվում է, որ լրագրողին Թուրքիայից արտաքսելուց հետո ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Վերջին երեք տարիների ընթացքում Միրկադիրովը աշխատում էր Թուրքիայում և հաճախ իր հոդվածներում քննադատում էր Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքները խախտելու համար: Բացի այդ, նա ընգրկված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքացիական երկխոսությանը ուղղված ծրագրերում:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան հայտարարել է, որ Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով առաջատարներից մեկն է դառնում Եվրասիայում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել շինծու մեղադրանքներից և դադարեցնել օրենքի կիրառումը երկրում մամուլի ազատությունը ճնշելու համար»,- նշել է նա:
Ըստ «CPJ»` Միրկադիրովը իներորդ լրագրողն է, որն Ադրբեջանում հայտնվել է ճաղերի հետևում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նույնպես իր մտահոգությունն է արտահայտել լրագրողի Թուրքիայից հանկարծակի արտաքսման և ձերբակալության հետ կապված:
«Մենք մտահոգված ենք հատկապես այն ենթադրություններից, որ Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելու կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ուղղված «ժողովրդական դիվանագիտության» նախագծերին մասնակցելու համար»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում:
Նշվում է, որ «ժողովրդական դիվանագիտության» արդյունքում ստեղծված կապերը նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը և վստահելի հարաբերությունների ստեղծմանը:
Նշենք, որ «Զերկալո» ադրբեջանական թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 18-ին Անկարայում, ըստ ոստիկանության` փաստաթղթերի ժամկետանց լինելու պատճառով: Ապրիլի 19-ին Միրկադիրովին արտաքսել են Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ձերբակալվել է և նախնական կալանքի տակ առնվել պետական դավաճանության կասկածանքով: Ապրիլի 21-ին Բաքվի դատարանը նրան երեք ամսվա նախնական կալանք է տվել: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. մասնավորապես, նրան մեղադրում են երեք տարբեր վայրերում 2008-ից 2009 թվականներին Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք համարվող ռազմական տեղեկատվության տրամադրման մեջ, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի մասին:
Հայկական «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ով, ըստ Ադրբեջանի քննիչների, Հայաստանի հատուկ ծառայությունների այն ներկայացուցիչներից է, ում հետ Միրկադիրովը համագործակցել է, իր հասցեին հնչեցրած մեղադրանքները անվանել է «նվաստացուցիչ Ադրբեջանի հատուկ ծառայությունների և զինված ուժերի համար»: Նա գտնում է, որ այդ կառույցները «գրոշ չարժեն», եթե հասարակ լրագրողը այդպիսի տեղեկության կարող է տիրապետել:
«Միրկադիրովը մեր նախագծի հեղինակներից մեկն էր, և նա մասնակցել է մեր և «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» www.publicdialogues.info կայքի միջոցով կազմակերպված համացանցային կոնֆերանսին: Եվ տրաբանորեն ստացվում է, որ իմ Ադրբեջանի մյուս գործընկերները` «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» ներկայացուցիչները, նույպես կարող են ճնշումների ենթարկվել, քանի որ նրանք համագործակցում են Հայսատանի գլխավոր քաղաքացու` այսինքն ինձ հետ: Մի շարք հարցեր են առաջանում»,- գրել է Բաղդասարյանը իր «Facebook»-ի էջում:
Նախորդիվ`
Անսպասելի էր, որ իմ անունը կապվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքի հետ. Բաղդասարյանը` ադրբեջանցի լրագրողի կալանքի մասին
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրած մեղադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին