Շառլ Ազնավուրը ելույթ է ունենալու Երևանում
Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգային ծրագրով ելույթ է ունենալու Երևանում: Այս մասին տեղեկանում ենք երգչի պաշտոնական կայքից:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն հենց այդ օրը պետական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նույն աղբյուրի համաձայն, տարվա ընթացքում Շ. Ազնավուրը ելույթ պետք է ունենալ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Բարսելոնայում, Հռոմում, Անտվերպեում: Նախքան երևանյան համերգը, մայիսի 7-ին շանսոնյեն ելույթ է ունենալու Լոդզում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվել է նաև կինոյում:
2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:
Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»»: