«Ազադլիգ». Էրդողանը դիպչել է Ադրբեջանի իշխանությունների ինքնասիրությանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանում նուրսիստների դեմ գործողություններ են սկսվել: Դա բացատրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Էրդողանի միջև տեղի ունեցած նուրսիստների հետ կապված հատուկ քննարկումներով: Հայտարարություններում նշվում է նաև, որ Էրդողանը Իլհամ Ալիևին նախագահի աշխատակազմում աշխատող նուրսիստների ցուցակ է փոխանցել:
Սակայն, ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, նուրսիստների դեմ գործողությունները Էրդողանի այցի հետ կապելը բոլորովին դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին:
Թերթի համաձայն՝ արդեն մի քանի օր է, ինչ իշխանամետ ԶԼՄ-ներում այդ եզրակացությունները հերքող հոդվածներ են հրապարակվում: Այդ հոդվածներում մասնավորապես նշվում է, որ նուրսիստների դեմ գործողությունները բխում են միայն Ադրբեջանի շահերից, այլ ոչ թե իրականացվում են ինչ-որ մեկի պահանջով:
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները ամենայն հավանականությամբ հասկացել են, որ այդ մեկնաբանությունները լուրջ հարված են իրենց կողմից առաջ քաշած «Ադրբեջանը անկախ քաղաքականություն է վարում» կարգախոսին:
«Սակայն, չնայած բոլոր ջանքերին, տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտ են: Փաստն այն է, որ Ադրբեջանում նուրսիստների դեմ գործողությունները համընկնում են Էրդողանի և Ֆաթուլլահ Գյուլենի միջև հարաբերությունների վատթարացման հետ: Իսկ Թուրքիայի վարչապետի` Ադրբեջան կատարած այցից հետո դա ավելի է ուժեղացել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին