Թուրք գործիչները Երևանում կհարգեն անմեղ զոհերի հիշատակը. «Ժխտողական մթնոլորտը պետք է փոխվի»
Հայաստանում են գտնվում թուրք գործիչներ, որոնք մասնակցելու են ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության միջոցառումներին և այդ թեմայով կազմակերպված կլոր սեղանին, ծաղկեպսակ են դնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
«Մեկնած ձեռքերը պետք է սեղմվեն իրար, կարևոր է, որ դրանք օդում չմնան: Ապրիլի 24-ն օր է, երբ հայերի և թուրքերի միջև որոշակի հարաբերություններ պետք է ստեղծվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրք քաղաքական և հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ այսօրվա թուրք երիտասարդների վերաբերմունքին, թուրք գործիչը նշեց, որ հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից և «Հայեր, ներեք մեզ» ակցիայից հետո մտածելակերպը փոխվել է:
Թուրք գրող-հրապարակախոս Ադնան Գենչն էլ հավելեց, որ Ցեղասպանության հարցին թուրք հասարակությունն անտեղյակ էր, միայն վերջին երեսուն-քառասուն տարիներին այն բարձրացվեց և ծանոթացան դրան:
«Փաստ է, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրագործվել»,- ասաց նա:
Ուֆուկ Ուրասն անդրադարձավ հարցին, թե չեն վախենում Հայաստան այցելելու և Թուրքիայում այցի արձագանքների համար:
«Ընդհակառակը: Անկարա պիտի այցելեմ ու արտգործնախարարությանը հայտնեմ մեր հանդիպումների մասին: Չմոռանանք, որ Թուրքիայում էլ կան ներքաղաքական խնդիրներ, սակայն կարևորը երկխոսությունն է: Ինչքան մեր միջև պատը թափանցիկ լինի, այնքան կշահենք երկուստեք»,- ասաց թուրք գործիչը:
Ասուլիսին ներկա թուրք պատմաբան, «Կանաչներ» կուսակցության անդամ Բյուլենթ Բիլմեզը նշեց, որ իրենց նման մտածողները Թուրքիայում շատ չեն:
«Այցելությունը դժգոհություն կառաջացնի որոշ շրջանակներում: Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը: Պետք է ուղիները քննարկել, իսկ թուրք ժողովուրդն առերեսվի իր պատմությանը»,- ասաց նա` ընդգծելով, որ Թուրքիայում ժխտողական մթնոլորտը պետք է փոխվի:
Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին անդրադառնալով թուրք գորիչների այցին, ասաց, որ սա տեղեկատվության փոխանակման, երկխոսության քայլ է:
Բանախոսները նշեցին, որ երկխոսության հարցում Հայաստանում և Թուրքիայում հսկայածավալ աշխատանք է կատարվել:
Կարդացեք նաև`
Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիս. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի ոճիրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում